Արդվին… Արդեն հարազատ դարձած հնչյուններ…
Վրաստանից Թուրքիա սահմանին տեղի ունեցած հետաքրքիր ու զվարճալի արկածներից հետո, ինչի ընթացքում ուղիղ մեկ ժամ սպասումների մեջ էինք, մի թուրք և մի ադրբեջանցի շատ կենսուրախ ու գրագետ ձևով մեզ օգնում էին, նույնիսկ մեր ազգությունը իմանալուց հետո… Այդ արկածներից հետո հայտնվեցի օտար երկրում, որը չնայած պատմականորեն իմ հարազատ հողն է, իմ նախնիների երկիրը… Հարազատության կարոտով լցած անհասկանալի սպասումներ ունեի: Անհասկանալի, որովհետև, իսկապես, չգիտես, թե ինչ սպասես… Մի կողմից գտնվում ես քո ազգի թշնամու երկրում, մյուս կողմից եկել ես քո ապուպապի հարազատ քաղաքն այցելելու, ինչին այնքան սպասում էիր, հաշվի առնելով նաև այն, որ անչափ կարոտել ես հենց քո սեփական հարազատ քաղաքը ու ընդհանրապես ցանկացած հայկական բան…
Արդվինը փոքրիկ, շատ գեղեցիկ քաղաք է, վեր ու վար ճանապարհներով, քանի որ գտնվում է սարի վրա: Մի սիրուն սարի վրա, որ մեր հայկական սարերից ոչնչով չի տարբերվում…
Արդվին քաղաքի խարհրդանիշը երկու իրար դեմ դիմաց մարտական կանգնած ցուլեր են: Դա մենք հասկացանք հուշանվերներ գնելիս: Ցուլ… Միակ հարազատ ու հետաքրքիր ասոցացիան ցլի հետ ինձ համար այն է, որ ցլի ամսով եմ ծնվել…
Արդվին… Արդեն վաղու՜ց հարազատ դարձած հնչյուններ… Ինչքա՜ն եմ լսել այս քաղաքի մասին: Ու հավատս չի գալիս, որ ոմանց համար սա ընդհամենը մի քաղաք է Թուրքիայում, իսկ տեղացիների համար՝ իրենց հարազատ քաղաքը: Շատ տարօրինակ է այդ հարազատ բառի կողքին տեսնել ինչ-որ անհասկանալի թուրքական բառեր փողոցի ամեն խանութի կամ բանկի վրա:
Իսկ տեղացիները կյանքում չեն պատկերացնի ու չեն հավատա, թե էս մարդիկ ինչու՞ են եկել էստեղ ու ի՞նչ են անում… Իրենց համար տարօրինակ է… Զարմացած ու տարօրինակ հայացքներով նայում են, որ մի ընտանիք եկել է իրենց քաղաք ու, չգիտես թե ինչու, լուսանկարում է իրենց տները, փողոցները, քաղաքը, որտեղ իրենք ապրում են, գնում են աշխատանքի, առևտուր են անում, հանդիպում են իրենց ծանոթներին ու ընկերներին, որտեղ անցնում է իրենց առօրյան: Չեն հավատա, թե ինչու ենք մենք հուշանվերներ գնում ու այնքա՜ն հետաքրքրված ենք, որ ոչինչ չի խանգարում քաղաքն ավելի ու ավելի ուսումնասիրել…
Ու մի պահ իսկապես զգացի այդ ցավը, այդ ողբերգության, դժբախտության հետևանքը, այդ օտարացումը: Քոնը արդեն քոնը չէ, ու ոչ ոք չի էլ հիշում այստեղ, որ սա պիտի քոնը լիներ…
Ես պատկերացրի, որ կարծես թե, զուգահեռ իրականության մեջ լինեմ: Որ ժամանակի մեջ մի բան փոխվել է, ու եթե պատմությունը ունենար այլ զարգացում, Արդվինը կարող էր լինել նաև իմ հարազատ քաղաքը: Սակայն բավական ժամանակ այս քաղաքում անցկացնելուց հետո, կենտրոնում ու տարբեր այլ փողոցներում զբոսնելուց ու սարի վրայից բացվող տեսարանը վայելելուց հետո, նույնիսկ այստեղ ճաշելուց հետո ես, հասկացա… Հասկացա, որ նույնիսկ եթե պատմությունը այլ զարգացում ունենար, ու մենք զերծ մնայինք այսօրվա տխուր իրականությունից, Արթվինը իմ ապուպապի հարազատ քաղաքն է, բայց ոչ իմ: Իմ հարազատը այն քաղաքն է, որտեղ ապրում եմ, որտեղ ապրում է ընտանիքս, սիրելի մարդիկ, որտեղ գիտեմ ամենինչ, բայց միևնույնն է՝ միշտ մոլորվում եմ, որտեղ սիրում եմ փողոցները, այգիները, ու որը ես գժի նման կարոտել եմ…
Հավերժական հարց
Ես չգիտեմ, թե ինչպես է արարվել աշխարհը, չգիտեմ, թե ինչպես հայտնվեց մարդկությունը: Ինքս ինձ այդ աստիճան իմաստուն երբեք չեմ համարել որևէ բան ստույգ ու համոզված պնդելու համար: Միշտ կարծում էի, որ քրիստոնեությունն էլ պարզապես կրոններից մեկն է, որ անձամբ ինձ համար լեգենդ է, հանճարեղ մի լեգենդ, բայց լեգենդ այնուամենայնիվ… Այդ իսկ պատճառով, ճիշտն ասած, ինձ լիարժեք քրիստոնյա չեմ համարել: Սակայն երբ տեսա ինձ համար մինչև այսօր անհայտ ու թաքնված աշխարհի մի փոքր մասնիկ… Երբ տեսա ուրիշ կրոն… Մոտիկից, ներսից ու իրականության մեջ… Ու թե ինչ էի զգում ես այդ ամենը տեսնելիս… Ես մի տեսակ զգացի, որ կրոնն էլ ազգության պես արյունով է ժառանգվում…