Աշնանային առավոտվա թաց լռությունը ես ու մի կին ենք ընդհատում:
Ես աշխատանքի եմ գնում: Չեմ շտապում: Ուզում եմ ամեն վայրկյան վայելել մայթերին թափված տերևների դեղին բամբասանքը, քնաթաթախ ծտերի կենտ դայլալը, Մասիվի՝ առավոտյան խոնավ ցուրտը:
Տաքսու պարկի ուղղությամբ մի կին նկատեցի. քայլում էր հրթիռի արագությամբ: Ալ բոսոր շրթներկը հավասարապես տարածել էր շրթունքների ու վերին ատամնաշարի վրա: Կարճ չոլկայով բարակ, յուղոտ մազեր ուներ, կլոր դեմք՝ առողջ, կարմիր այտերով: Գերկարճ պարանոցն է՛լ ավելի էին կարճացնում տարաոճ ուլունքների էժան շարանները: Ձեռքին ծանրաձողի ծանրության պայուսակ կար՝ բերնեբերան լցված անհայտ պարունակությամբ: Բո՛մժ չէր, խելագա՛ր էլ չէր. մի կին էր, ում ձեռքերն ու ոտնաթաթերն ամբողջությամբ դարչնագույն էին: Սկզբում ինձ թվաց, թե ամառվանից մնացած թունդ արևայրուք է. հետո ավելի մոտենալով՝ տեսա, որ կինն ուղղակի յոդով օծել էր ոտնաթաթն ու դաստակները:
Իմ անշտապ քայլերն ակամայից հավասարվեցին կնոջ յոդազօծ ոտքերի արագությանը: Կինը հրթիռում էր ու միատոն, լարից ընկած գործիքի նման անընդհատ նույն բանը կրկնում՝ հեսա Հովիկս կմեռնի, հիմա Հովիկս արդեն մեռավ, Հովիկս, Հովիկս, Հովիկս… Կնոջ ձայնը տագնապի, ցավի, շփոթմունքի, զայրույթի, չմարած հույսի և էլի հազար ու մի տրամադրության սիմֆոնիա էր հիշեցնում:
Ու քանի որ տաքսու պարկի ճանապարհն ուղիղ դեպի Մասիվի հիվանդանոց էր տանում, անմիջապես մտածեցի, որ նա առավոտ վաղ իր հիվանդի մոտ էր շտապում:
Ո՞վ էր նրա հիվանդը:
Ցրտից ու արագ քայլվածքից կնոջ ձայնն արդեն հևոցի էր վերածվել ու լուռ աղաղակում էր տարածքում՝ Հովիկս, Հովիկս, Հովիկս. աստված ջան, մենակ Հովիկս չմեռնի, մենակ Հովիկիս բան չպատահի…
Ես անմիջապես սիրեցի Հովիկին, սկսեցի նրան պատկերացնել տարբեր կերպարանքով հիվանդասենյակում պառկած: Հյուծված: Կարմիր, առողջ այտերով: Ապոլոն: Կվազիմոդո: Ջահել-ջիվան: Ծերակույտ: Փյունիկ: Սուրբ հոգի: Հովիկ… Երևակայությունս թմրեց Հովիկի ինքնության փնտրտուքից…
Մի կերպ՝ արդեն ավելի հևալով, քան կինը, հավասարվեցի նրան ու սկսեցի նախ հանգստացնել, հետո հարցուփորձ անել:
– Ձեզ վա՞տ եք զգում:
– Հա՛, վատ եմ զգում: Իմ սիրտը վա՛տ ա՝ ուղեղիս սնուցում չի՛ տալիս:
Հասկացա, որ նա հիվանդանոցում Հովիկ չուներ: Հովիկը հիվանդ չէր: Ո՜ւֆֆֆֆ: Սիրտս հանգստացավ:
– Հաց կերե՞լ եք:
– Քաղցր չայ եմ խմել, մուրաբա եմ կերել… Հովիկս չմեռնի՞ հեսա…
Ես պայուսակիցս հանեցի ու կնոջն առաջարկեցի իմ այդ օրվա ընդմիջումը՝ պանրով ու խոզապուխտով բրդուճ:
– Էս վերցրեք, որ սովածանաք՝ կուտեք:
Հրաժարվե՛ց:
– Բալե՜ս, ինձ բան պետք չի՛:
– Հիմա դուք ո՞ւմ մոտ եք գնում:
Թերեզա Գուրգենովնայի մոտ եմ գնում ինձ մենակ ինքը կարա փրկի սիրտս վատ ա ուղեղիս չի սնուցում ես ոչ մեկ չունեմ Հովիկս Հովիկս բան չպատահի աստված ջան Հովիկիս հանկարծ… վայ…
Կնոջ ամբողջ մարմինը Հովիկ էր աղաղակում: Նրա խոսքը զուրկ էր որևէ կետադրական նշանից՝ բերնեբերան լցված վախի ու հուզմունքի յոդագույն շաղախով:
– Մասիվի՞ց եք:
– Հա Մասիվից եմ, բալես: Լավ ա քեզ հանդիպեցի, բալես. ես ոչ մեկ չունեմ… աման Աստված, Հովիկս… Մարդուս ասեցի՝ լավ չեմ, սկոռի կանչի, ասեց՝ հելի-սկտիր էղի հիվանդանոց: Էրեխեքս էլ չզանգեցին. ոչ մեկը հետս չեկավ, բալես… Ես էն անգամ հիվանդանոցից սրտի դեղեր էի վերցրել, բայց ոչ մի հարևան չեկավ ինձ սրսկեց, որ ես էս օրը չընգնեմ: Մեկը կար, սրսկեց, բայց սխալ դեղ սրսկեց, դրա համար էլ էս օրի հասա… Ես իմ դարդը չեմ, Հովիկս կմեռնի առանց ինձ, Հովիկս, վայ Հովիկս… Մի հատ Թերեզա Գուրգենովնա կա էս աշխարհի մեջ. ինքը ինձ կարա փրկի: Ինքը ինձ պետք ա նապռավլենի տա, որ գնամ սրտաբանի մոտ՝ սիրտս սնուցի: Ես պետք ա Թերեզա Գուրգենովնայիս մոտ գնամ…
Կինը հազար ու մի պատճառ թվեց իր թերսնուցվող սրտի համար ու ընդամենը մի պատճառ գտավ ապրելու համար՝ ՀՈՎԻԿԸ:
Լավ, բայց ո՞վ էր, ի՞նչ էր, ինչպիսի՞ն էր, որտե՞ղ էր այդ Հովիկը: Հովիկը վերացական գոյականի նման կար ու չկար: Նա մեկ իմ բրդուճներում էր, մեկ մեր հևոցախեղդ քայլերի մեջ: Տաքսու պարկից հիվանդանոց տանող մի թզաչափ ճանապարհին ես հասցրի հովիկացավ կպնել ու դարձա Հովիկի վկա, իսկ Հովիկը դարձավ ի՛մ Հովիկը՝ հարազա՜տ, արյունակի՜ց, թա՜նկ, ջիգյա՜ր…
Եվս մի քանի քայլ, և մենք արդեն կհասնենք պոլիկլինիկա: Կնոջ դեմքն ամբողջությամբ արցունքապատ է, շրթներկը ծորացել ու հատել է ծնոտի ու կզակի բոլոր թույլատրելի սահմանները, կարմիր այտերն արցունքից փայլում են ու իսկական փայլուն շաքարաքլոր հիշեցնում: Դեմքի շպարը քսվել էր յոդապատ ձեռքերին ու աշնանային կտավի վերածվել:
Հասանք պոլիկլինիկա: Կինը ուսով հրեց դուռն ու հռթիռեց աստիճաններն ի վեր՝ դեպի Թերեզա Գուրգենովնան: Ես շունչս կենտրոնացրի ձայնիս մեջ ու մի կերպ հասցրի հարցնել.
– Հովիկն ո՞վ է:
– Կատուս,- ասաց կինն ու խաչվեց Թերեզա Գուրգենովնայի դռանը: