Ցեցերը կուլ էին տվել առաստաղը, և փողոցից սենյակ սողոսկող կարմիր լույսի արանքում նրանք թիթեռներ էին թվում: Նա, ում անունը չհասցրի հարցնել՝ լքեց մայրամուտից 42 րոպե անց: Հայելում մազերս չեն երևում․ դանդաղ սանրում եմ՝ փորձելով խոպոպների վրայից թափ տալ նրա կոպիտ մատներից կախ ընկած գարեջրաբույրը: 3, 2, 1․ սիրտս սկսում է արագ ցատկոտել այն մտքից, որ կմոռանամ գրի առնել նրա տրամադրած տեղեկատվությունը:

***
Նոթատետրային նշումներ

Կապույտ մայրամուտի Աստված անծով քաղաքներ ճայերի է ուղարկում, որոնք էլ խաղաղություն են իջեցնում պատերազմից արնահամով վարակված երկնքին ու ասֆալտին:

***
– Հաճախորդ է եկել, քեզ մոտ ուղարկե՞մ: Սիրտը կարմրահերի է ուզում:
– Հարցրու նրան՝ Կապույտ մայրամուտի աստծո մասին լսած կա՞: Եթե տեղեկություն ունի՝ կընդունեմ հենց հիմա:
Ներս մտավ դուրս ցցված երակներով, 352-ին մոտ տղամարդ, մի տեսակ շփոթված հայացքով: Նրանից էլեկտրականության և աղի հոտ էր փչում:
-Ինչքա՞ն ես վերցնում մեկ ժամվա համար:
-Գումարի փոխարեն ինձ բառեր տուր Կապույտ մայրամուտի Աստծո մասին:
Աչքերը կայծկլտացին, հարցրեց․
-Ինչի՞դ է հարկավոր: Ընդամենը լեգենդ է, պիտի, որ ինձնից էլ լավ իմանաս, որ այդպիսի աստված գոյություն չունի: Չնայած՝ քո տարիքում բոլորն են հեքիաթներով ապրում: 16 տարեկան կա՞ս:
-Քո խնդիրը չէ, դրա համար չես եկել մոտս: Ժամանակիցդ է գնում, փոխարենը՝ վերնաշապիկիդ կոճակները սկսիր արձակել:
Նա ժպտաց ու խնդրեց լույսն անջատել, որովհետև ամաչում էր իր մերկությունից․․․

***

4031 տարի ձգվող պատերազմը բոլորի աչքի առաջ փտում էր, փաթաթվում ձյութի համով, բայց շարունակում պարել: Քաղաքի մայթեզրերով երբեմն նարինջներ էին գլորվում, երբեմն էլ մարմնի խառը հատվածներ, ու գրեթե անհնար էր տարբերել մեկը՝ մյուսից: Առհասարակ շատ քիչ բան էր փոխվել քաղաքում այս մի քանի հազար տարվա արանքում: Թերթերի վաճառքն է աճել, խատուտիկներն ավելի դիմացկուն են դարձել քամու նկատմամբ, քաղաքացիները համակերպվել են անծով ապրելու մտքի հետ, փոխարենը՝ սկսել են ուրբաթ գիշերներին, ժամը 2․43 րոպե մտածել սիրո մասին: Սրճարանների պատերը հազվադեպ են արթնանում մարդկային աղմուկից, սակայն միայն պատերին է դեռ հետաքրքրում, թե հանուն ինչի՞ են պատերազմում, և ինչո՞ւ այսքան երկար: Այն օրիվ ի վեր, երբ արևմուտքից առաջին անգամ ականջակալներ ուղարկեցինք քաղաքի բնակիչներին որպես օգնություն՝ վերջիններս սկսեցին տարվել երաժշտությամբ , և նրանք այլևս չէին էլ լսում ռումբի պայթյունի ճիչերը: Միակ բանը, որ բնակիչներին հիշեցնում էր դեռ շնչող պատերազմի մասին՝ արյան հետքերն էին, որ երբեմն հայտնվում էին դրսում կախված թարմ լվացքի մարմնին: Սակայն, դրա համար էլ լուծում գտնվեց: Պատերազմից արյունոտված լվացքները որպես արվեստի գլուխգործոցներ այլևս ոչ թե պարանին էին կախվում, այլ թանգարաններում:

***

Շուրթերիս շարունակում են նստած մնալ նրա ժանգահամ համբույրները՝ ճիշտ մազերիս երանգի: Ինչո՚ւ են ուրբաթ գիշերները արտասովոր ծանր քնելու համար: Ժամը 2.43 է, մտածում եմ սիրո ու կապույտ մայրամուտի աստծո մասին: Ականջակալներով սեղմում եմ ականջներս՝ հուսալով խլացնել պատերազմի թքթքոցը: Քաղաքի 560 տարեկանն անց բնակիչները մեղադրում են մեզ, որ փնտրում ենք սեր պատերազմի ժամանակ: Նոթատետրումս նշումներ եմ ավելացնում, որ թողեց վերջին հաճախորդն ու փորձում եմ քնել:

***
Նոթատետրային նշումներ

Այնպիսի պատերազմ չի եղել տիեզերքի ողջ պատմության ընթացքում, որը Կապույտ մայրամուտի Աստված ի զորու չլիներ կանգնեցնել: Նրան ոչ ոք չի տեսել և չի լսել, սակայն նրա մասնիկները տեղավորվում են ճայերի կտուցների արանքում, հորիզոնի եզրին ու մայրամուտի փայլի ներսում:

***

Երբեք առավոտյան այսքան վաղ ժամի հաճախորդ չէր եկել մոտս: Սենյակիս դուռը բացեց միջին հասակի, էսենցիայի հոտով փաթաթված տղամարդ: Խիտ հոնքերի տակից նա մի այնպիսի հայացք նետեց վրաս, ինչպես քաղցած անգղերն են նայում թարմ մսին: Հարցրի՝ Կապույտ մայրամուտի Աստծուց ի՞նչ գիտի: Հեգնեց՝ պատասխանելով՝ շատ բան: Ժպիտս չկարողացա զսպել: Մինչ դեռ ես նայում էի պատուհանից դուրս գալարվող ամպերին ու պատկերացնում Կապույտ մայրամուտի Աստծո հայտնվելը ՝ նա արդեն հասցրել էր արձակել տաբատի միակ կոճակը: Խնդրեցի, որ նախ պատմի, իսկ նա պայման դրեց, որ պատմելու համար՝ իրեն մի փոքր ավելին է հարկավոր․․․ Ինձ համար լրիվ միևնույն էր, թե ինչ կարող էր նշանակել այդ «մի փոքր ավելին», քանի որ Կապույտ մայրամուտի Աստծուն հարկավոր է նվիրվել անմնացորդ: Մեկ ժամը լրանալուն պես՝ խնդրեցի, որ լքի, բայց նա ձևացնում էր, թե հաճույքից կորցրել է լսելու ունակությունը: 3-րդ անգամ նույնը կրկնելուց հետո թեթև հրեցի վրայիցս: Դեմքի վրա դեղին մշուշ կուտակվեց, ու նա անսպասելիորեն տարիքս հարցրեց: Լռեցի․․․ավելի կոպիտ կրկնեց: Նրա ձայնից օդի մեջ թթված կաթի համ էր տարածվում: Վախից՝ կյանքում առաջին անգամ պատասխանեցի այդ հարցին․․․ 16 եմ: Հիստերիկ ծիծաղ բռնեց մոտը, աղաչեցի, որ հեռանա, հետո փորձեցի սպառնալ: Նրա ամբողջ մարմնի երակները դուրս էին ցցվել, ու նա այդ ակնթարթին ինձ հորս հիշեցրեց, որի մարմինը ժամանակ առ ժամանակ նույնպես հեղեղվում էր կապտականաչ երակներով: Փորձեցի հանգստացնել նրան ու պատմեցի ծովերի խաղաղության բույրից, իսկ նա չդադարեց ինձ նայել որպես ախորժելի որսի ու սկսեց հարվածել: Բռունցքը ծանր էր ու հողագույն: Աչքերս սեղմեցի ու մտաբերեցի, որ մի քանի նոր տեղեկություն է պատմել Կապույտ մայրամուտի Աստծո մասին, և մարմինս ասես լույս ճառագեց, այլևս սավառնում էին անգամ արտևանունքս: Հաճախորդներից ոչ ոք չի կարող ինձ զզվանք կամ ցավ պատճառել, որովհետև գիտակցում եմ, որ այս ամենն անում եմ միայն հանուն քաղաքիս խաղաղության և բոլորիս փրկության:

***
Նոթատետրային նշումներ

Այն օրը, երբ մայրամուտից ծովաբույր կհոսի, իսկ հորիզոնից կթափվի ամենակապույտ ալիքների քչփչոցը՝ կնշանակի, որ Կապույտ մայրամուտի Աստված իջավ մեր քաղաք:

***

Դուռը ծանր հևաց, չհասցրի մարմնիս վրա փռված կապտուկները թաքցնել: Նրանից նշով թխվածքաբլիթի բույր էր հոսում ու փաթաթվում դաստակներիս և սենյակի մենությանը: Անշարժ կանգնել էր անորոշ նախշերով կարպետի վրա ու ասես փորձում էր լուծել տիեզերական խնդիր: Նրա աչքերում թաքնված էր մի այնպիսի երազանք, որի մասին համարձակվում են երազել միայն ծովերը: Հարցրեց․
-Ի՞նչ ես անելու պատերազմի ավարտից հետո․․․
Այնուհետև մի քանի բառ էլ բաց թողեց, սակայն նրա ձայնը խոնավ էր, և սրբեց երակներումս հավաքված փլատակները:
-Թող մշակեմ կապտուկները․․․
Նրա մատները երկնքոտ էին, փշաքաղ կապո՜ւյտ:
Հարցրեց՝ ո՞վ է արել, իսկ ես կախվեցի այդ բառերից, որոնք օդապարիկի էին նմանվել, ու վերացա:
Հեռվից լսելի էին ռումբերի տարբեր երանգների պայթյունները: Մենք, ասես, նոր խաղ էինք հնարել․ ամեն կրակոցի հետ նա վրայիցս զգեստն ավելի շատ էր արձակում, ամեն կրակոցի հետ ինձ ավելի երջանիկ էի զգում: Խաղի երկրորդ մասը կայանում էր նրանում, որ պիտի սիրով զբաղվեինք այնքան ժամանակ, որքան կշարունակվեին կրակոցների ու ռումբերի ճիչերը: Անգամ մոռացա նրանից տեղեկություն վերցնել Կապույտ մայրամուտի Աստծո մասին:
Ոտնաթաթս համբուրեց վերջին անգամ, ու երբ նրա լքելուց 2 րոպե էր պակաս՝ ասացի․
– Պատերազմի ավարտից հետո կգնամ դպրոց, հետո համալսարան կընդունվեմ, կաշտատեմ, կգնամ ծով տեսնելու․․․
– Հավատու՞ւմ ես, որ որ պատերազմը ունակ է ավարտվել:
– Եթե միայն Կապույտ մայրամուտի Աստված իջնի երկնքից:
– Հուսամ՝ կատակում ես: Հորինվածք է․․․ Աստվածները պատերազմում սպանվեցին:
– Կարծում էի՝ ուրիշ ես․․․
– Հիմարություններով մի՛ լցրու գլուխդ:
– Հայրս էլ էր հավատում․․․ նա ինձ չէր ստի:
– Հա՞յրդ, իսկ ո՞ւր է նա հիմա, և ինչո՚ւ ես դու այս կեղտոտ գործով զբաղվում:
– Շատ փոքր էի․․․ Գրեթե ոչինչ չեմ հիշում նրանից, բայց նա միայն Կապույտ մայրամուտի Աստծուց էր խոսում․․․ Վերջին հանդիպմանն ասաց, որ ես եմ այն ընտրյալը, որ պիտի Կապույտ մայրամուտի Աստծո հետ կապ հաստատի ու խաղաղություն իջեցնի քաղաքի վրա: Այսպիսով, հայտնվեցի այստեղ ու սկսեցի աշխարհի տարբեր ծայրերից եկած հաճախորդներից՝ մեկ ժամվա համար գումարի փոխարեն՝ տեղեկություն վերցնել Կապույտ մայրամուտի Աստծո մասին:
– Ինչպես հասկացա՝ հայրդ մահացել է․․․
– Չգիտեմ․․․ Նա ինչ-որ ահռելի շինության մեջ էր բնակվում․ ձյան պես սառը ու ճերմակ պատերով․․․ շատ ուրիշ մարդկանց էլ եմ հիշում, որ նույնպես այդտեղ էին ապրում: Սենյակները բազմաթիվ էին․ բոլոր դռների ետևում ճաղավանդակներ էին, որոնց բանալիները այնտեղ ապրողները չունեին․․․ Մի քանի միանման հագնված մարդիկ էին անվերջ քայլում այդ նեղ միջանցքներով և սենյակների բանալիները նրանց լայն գրպաններում էին լողում: Հայրս ամեն անգամ խնդրում էր նրանց, որ մի քանի րոպեով մեզ մենակ թողնեն, ու այդ ընթացքում Կապույտ մայրամուտի Աստծո հրաշագործություններից էր պատմում: Ժամանակ անց ինձ այգելեցին այլևս ներս մտնել, ու ես խոստացա ինքս ինձ՝ կատարել հորս խնդրանքը և կանգնեցնել պատերազմը:
Նա իսկույն գունատվեց, կանգնեց ոտքի ու երեք անգամ առաջ-ետ արեց սենյակում, որտեղ մաշված ջինսի գույն մեգ էր գոյացել բառերից: Ոսկրոտ բաճկոնը գցեց լայն ուսերին ու բաց արեց դուռը․․․ Առանց մտածելու իջա ծնկներիս վրա ու սկսեցի աղերսել, որ չլքի: Նա աչքերը պտտեցրեց՝ փորձելով արգելել արցունքներին հոսել: Ձեռքը մեկնեց, որպեսզի բարձրանամ․ մատներից խնկածաղկի բույր էր տարածվում: Աչքերը փակ խոսեց․
– Գոնե հասկանո՞ւմ ես, որ․․․ գրողը տանի: Այդ սենյակները, շինությունը, պատերը, մարդիկ․․․ Հայրդ հոգեբուժարանում է եղել․․․ Նա զառանցել է․․․ չի գիտակցել՝ ինչ է խոսում, չի տարբերել իրականությունը՝ մտացածինից․․․ հիմա հասկացա՞ր:
Ժպտացի, ասես, խուտուտ տային մարմինս ամեն կողմից․․․ Նրանից սխտորի համ սկսեց դուրս տալ:
-Հնարավոր չէ, – ծիծաղեցի, – ստում ես, դու ոչինչ չգիտես , գնա․․ գնա, խնդրում եմ, – ավելի բարձր ծիծաղեցի:
Ամուր գրկեց, կյանքում առաջին անգամ ինձ ծովում զգացի, այնքան խաղաղ էր, որ խորտակվում էի: Հրեցի:
– Պիտի մոռանաս Կապույտ մայրամուտի Աստծո հետ կապված հիմարությունները, ուղարկես այս ամենը գրողի ծոցն ու սկսես ապրել: Ոչ ոք չի իջնելու վերևից, և խաղաղությունը նույնպես հորինվածք է, պատերազմը կտևի հավերժ, մենք ականջակալները կդնենք ու սիրով կզբաղվենք․․․ Չենք էլ հիշի, որ ծով երբեք չենք զգացել:
Ձեռքով փորձեցի փակել նրա բերանը․․․ Բառերը ծխախոտի հոտ ունեին ու որպես ականջօղ ծանր կախվել էին բլթակներիցս:
Նա 41 րոպե շարունակ փորձեց համոզել, որ ես պատրանքներով եմ ապրել և ժամանակն է սթափվել: Սակայն, երակներիցս ալիքների ձայն էր տարածվում, իսկ ոտքերիս մատների ծայրերից ծովաբույր էր ցայտում: Զգում էի, որ մազերս խոնավանում են, և ես դադարում եմ այլևս մարդ լինել: Նրա յուրաքանչյուր բառի հետ՝ ավելի էի ծովանում: Այժմ ինձ ընդամենը մեկ քայլ էր պակասում Կապույտ մայրամուտի Աստծո հետ խաչվելուց, մեկ քայլ, որպեսզի մի քանի հավերժություն ձգված պատերազմը շունչը փչի:
Մայրամուտին 12 էր պակաս, երբ զոհաբերվեցի Կապույտ մայրամուտի Աստծուն․․․ Չնայած՝ դանակը հին խոհանոցային էր, և հարևան սենյակի աշխատակցուհուց էի խնդրել 2 շաբաթ առաջ՝ հաց կտրելու համար, սակայն դա միակ գործիքն էր, որը կբացեր ամենակարճ ճանապարհը դեպի պատերազմի ավարտը:

***

Այդ օրը քաղաքի բնակիչները մայրամուտից ծովաբույր էին զգում և ոչ մի վայրկյան աչքները չէին հեռացնում հորիզոնից: Քաղաքի հազարավոր տարիների պատմության մեջ առաջին անգամ երկնքում ճայ էր մոլորվել․․․