Այդ երեկո տեղի ունեցավ հայտնի պատգամավորներից մեկի կնոջ՝ Օֆելյա Նալչադյանի ցուցահանդեսի բացումը: Նախադպրոցական երեխային հատուկ նրա խզբզոցներին ուշադրություն հրավիրելու համար վարձվել էին թատերական ինստիտուիտի ուսանողներ, որոնք նկարների կողքին կանգնած բարեխղճորեն կոկորդ էին պատռում՝ ցուցադրելով տիկնոջ մյուս, ոչ պակաս կարևոր՝ գրելու ձիրքը: Հայտնի նկարիչների ու արվեստագետների շփոթված, բայց խրախուսող խոսքերը, վախից արձակվող նրանց ճիչը՝ ներկաների կողմից իբրև հիացմունքի նշան ընկալվող, ֆուրշետի պերճ սեղանը, ճպճպացնող բերանների ծափերն ու սելֆիները, ինձ հունից հանեցին այնչափ, որ հենց տեղում միացրեցի պլանշետը, և արվեստաբանիս հատուկ սուր քննադատական հոդվածը անհապաղ հայտնվեց իմ խմբագրի էլեկտրոնային փոստարկղում, ապա՝ կայքում:
Վերադառնալով տուն, ժխորի մնացուկը, թափելով ականջներիցս, հանելով փարթամ երկար մազերիս միջից, խեղդեցի լոգարանում, ապա ամբողջապես տրվեցի նարդոսի եթերային յուղով շնչող, ուսերս գրկող տաք ջրին: Լոգանքն ավարտելուց հետո կծկվեցի նավակի պես նեղլիկ ու չոր իմ մահճում՝ խոնավ կոպերս փռելով երանգախայտ երազի պարանին…
-Հե՜յ, հե՜յ… Մոտ արի, հենվիր ծառին, ոտքերդ ձգիր ու խոսիր անկաշկանդ:
Թիկնավետ, մթագույն ալիք մազերով, արծվի պես սևակն, խորաթափանց հայացքով, ծանր քայլերով, ինձ շատ ծանոթ տղամարդը մոտեցավ: Նրա աչքերը ակամայից ժպտացին, նա ասես լռության մեջ կռահեց դեռ չտրված հարցս:
– Այգու ներքևում էի: Ցեխաջրեր էին կուտակվել, առու էի բացում, որ գնան:
– Առու՞,- զարմացա ես:
– Ջուրը չպետք է կանգ առնի… Նստիր ծառի տակ ու հոսիր: Այո՛,-մեղմ կրկնեց նա,-հոսիր…
Իրականում ես ոչ մի ծառ էլ չտեսա, բայց նա ոչ միայն վստահ խոսեց, այլև այնպես հենվեց ունայնությանը, որ ես էլ ակամայից կրկնեցի նրա շարժումներն ու ի զարմանս ինձ, պահպանեցի հենված դիրքս:
Տղամարդու ծնկին անսպասելի հայտնված քամանչայի մարմինը մերկ ու անպաշտպան կնոջ պես դողաց. աղերսաձայն հնչյունները տարածվեցին այգով մեկ: Ես տղամարդու հայացքի մեջ գտա ինձ հարազատ ընկերներից մեկին՝ Հայկին: Նա, գլխի ընկնելով, որ ճանաչել եմ, թույլ չտվեց խոսք բացել: Հայացքը նորից պատվեց ժպիտով: Տաք հողը ճեղք տվեց , ծաղիկներն ի խոնարհում կախեցին փոքրիկ ալվան գլուխները, ամպերը` ուս-ուսի տվեցին: Այդժամ տարազներով նախապապերն ու նախատատերը դուրս եկան՝ ձեռքերը վեր տարուբերելով, ամպերը ճզմելով, անձրև քամելով, մերթ՝ քահ-քահ ծիծաղելով, մերթ՝ ուժգին լալով, պապերը՝ դեղնավուն փարթամ բեղերը ոլորելով, տատերը՝ ճակատնոցների մետաղները չխկչխացնելով, սև ծանր հյուսքերը հողից հազիվ վեր բարձրացնելով…
Քամանչայի ձայնն ընդհատեց հեռախոսազանգիս արտասահմանյան մեղեդին:
Խմբագիրս էր: Ասում էր, որ այսօր երեկոյան Մկոյանի ցուցահանդեսը լուսաբանելու կարիք չի լինի, ու որ մեկ ժամից խմբագրություն հասնեմ՝ անձնական իրերս հավաքելու: Գործազուրկների ցանկում հայտնվեցի երեկվա քննախոսականիս պատճառով, պատգամավոր ամուսնու մեկ հեռախոսազանգով, ինչին հաջորդել էր հոդվածիս հեռացումը կայքից և խմբագրիս անհանգիստ, ափսոսանքով և երկյուղով շաղախված, վերևներից պարտադրված աշխատանքից հեռացման մասին լուրը:
Ռեզյումես, ստեղնի հաստատմաբ, սըրնթաց հասնում էր գործատուներին, մատնահետքերս տպվում էին տարբեր կառույցների դռների բռնակների վրա, պրակտիկ հոգեբանության ձեռնարկները սովորեցնում էին՝ ինչպե՞ս ներկայանալ գործատուին, ի՞նչ գույն կրել առաջին հանդիպմանը՝ գործնական ու անմոռաց տպավորություն թողնելու համար, ամեն առավոտ հեռուստադիտողներին արթնացնել փորձող քնատ հաղորդավարուհին ներկայացնում էր պատմության մեջ արժևորված հենց այդ օրը… Պետք էր վճարել կոմունալները, տալ բնակարանիս վարձավճարն ու մարել պարտքերս, որոնք արդեն գերազանցել էին նախկին աշխատավարձիս երկու չափը…
-Ինչի՞ց է պետք սկսել, – հարցրեցի ես:
– Պարզապես գալուց, իսկ դու եկել ես,- ասաց ինձ արդեն պատահած այգու ծանոթ այգեպանը:
Ծփացող մազերի միջից նա ածուխի խողովակ դուրս բերեց և այն հապճեպ տարուբերեց արևամուտի կարմրաթույր ֆոնին: Գինով լի գավաթն անսպասելի հայտնվեց ձեռքումս:
– Եկար հասար այստեղ… Այսուհետև ինչ խոսեմ, ինչպես վարվեմ, միայն ու միայն քո ուսման համար կլինի: Եվ մեկ օր անգամ չպիտի տևի, եթե վրդովված, կամ նեղացած ես: Պիտի նստես ու մտածես՝ ի՞նչ դաս կար սրա մեջ:
Գինին հյութի պես արագ պարպեցի ու ավելի հանգիստ տեղավորվեցի ծառի տակ: Նա ողջ ընթացքում գնում էր, գալիս, նկարում ինչ կամենում էր: Հսկաների, փոքրիկ սևակն աղջիկների՝ ճոճանակին ճոճվելիս, խնոցի, լավաշ, անգամ կենդանիներ: Պատկերներն անմիջապես շնչավորվում ու իրական էին դառնում:
-Եթե այսքանին պատրաստ ես, ուրեմն՝ բարի գալուստ:
Հայկը էլ այն նկարիչը չէր այժմ ում գիտեի, ում մասին քննախոսականներ էի գրում, քննադատում, կամ շնորհավորում: Հիմա նա ո՛չ ուրախ էր, ո՛չ՝ մռայլ, ո՛չ ընկեր էր, ո՛չ՝ անծանոթ:
Ես խոնարվեցի ու չգիտես ինչու՞ նրան չդիմեցի անունով, այլ ասացի.
-Պատրաստ եմ, Ուսուցի՛չ:
………….
Թևատակերս սեղմվեցին, մարմինս չենթարկվելով փորձեց մնալ ընկածս նույն դիրքում՝ քունքս ասֆալտին կպած, կոպերս՝ բրդե տաք վերմակների պես աչքերս ծածկած:
-Ջանիկ, հիմա կօգնեմ, հիմա շտապ օգնություն կկանչեմ, ապա փորձիր կանգնել:
Նոյեմբեր ամսին հատուկ՝ մտրակող սառը օդը, անոթի լինելս ու առավոտից պրոմո ակցիա իրականացնելու համար «Թվիքսի» փաթեթավորմաբ անընդհատ թափառումներս քաղաքի փողոցներով՝ ուշագնացության էին հասցրել:
Երբ նայեցի ինձ օգնության ձեռք մեկնած տղամարդու կողմը, շփոթմունքից ու զարմանքից, լեզուս պապանձվեց: Մի պահ անգամ հիշեցի, որ որոշ ժամանակ առաջ, գործընկերուհիս՝ «Թվիքսի» մյուս «ձողիկը», անվերջ տրտնջում էր ցրտից, համոզում, որ 3000 դրամի դիմաց չարժե ուտել սեփական գլուխը:
Թվիքսային կարիերայից փրկողը Հայկն էր, ով փաստորեն, արդեն Հայաստան էր վերադարձել: Մարդ, ով ամեն ինչին կդիմանար, ամեն բանից կարող էր զրկել իրեն, բացի նկարելուց, գինուց ու «Հարսիկներից»…
Տարվա մի մասը Հայկն իր մեջ էր առնում ալպիական լեռների մաքրամաքուր օդը, պաղ ջրերի կարկաչյունը, միջնադարյան ամրոցների անվրդովվությունը: Տարվա մյուս հատվածում, դառնալով Երևան, նա կտրուկ խզում էր լռությունը: Հայավարի… Հայկավարի: Ջուրը վերածվում էր գինու, մաքուր օդը փոխարինվում էր քաղաքի անթիվ մեքենաների արտանետված թունավոր գազերով, մարգագետինների հյութեղ կանաչը՝ ոտքերիդ տակ հալվող ասֆալտի եռքով, եվրոպական ցմփոր անծիծաղ ամրոցները՝ խունկով ու տատերի աղոթքով բուրող եկեղեցիներով:
Հայկը, իրեն հատուկ տոլերանտությամբ, զսպեց զարմանքը: Ինձ ոտքի հանելուց հետո միայն, ամուր գրկեց ու ասաց, որ որպես «թվիքս» էլ վատ չեմ նայվում, թեպետ իմ սովորական հագուստով գոնե ճանաչելի եմ:
Քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում գտնվող ամենաթաքնված կիսանկուղային արվեստանոց- բնակարանում բացարձակ խոնավ չէր, բացարձակ անարև չէր, բացարձակ միայնակ չէր: Հյուրասենյակում պատից պատ ձգվում էր ապակեձույլ կարկատաններով միակցված տրիերան, որը, ըստ Հայկի, պատրաստ էր տեղավորել ու Հայկի մոլորակ տեղափոխել ցանկացածի, ով բաց կլինի նման շրջագայության համար: Նավի տակ գտնվող այնքան փափուկ ու գրկաբաց կանաչ բազմոցի վայրն էլ ասես պատահան չէր ընտրված: Սա յուրօրինակ մի սպասավայր էր, որտեղ կարելի էր բազմել ՝մոռանալով ժամանակի ներկայության մասին, շվեցարական պանրի ծակոտկեն պատից տեսնել աշխարհը , կամ ռոքֆորի սպիացած մարմնի շերտը ինկլյուզի ենթարկել՝ սաթագույն մեղրի օգնությամբ, որից անմիջապես հետո, արնագույն խաղողաջուրը պարպելով մեջդ, կարող էիր հասկանալ՝ պատրա՞ստ ես ծովերն ու օվկիանոսները հատել՝ հասնելու Հայկի մոլորակ, թե՞…
-Վաղն էլ օր կա, ջանիկ, այդքան լաց լինես, քեզնից ի՞նչ կմնա: Էլ պստիկ աղջիկ ու՞մ ասեմ , համ էլ ճաշիկը շատ աղի կստացվի…
Այն օրվանից հետո Հայկն առաջարկեց օգնել խոհանոցում, և «Հարսիկների» փոշին զգուշորեն սրբելու գործում: Դա մեծահոգություն էր իր կողմից: Այդ մասին գիտեինք երկուսս էլ, բայց երկուսս էլ լռում էինք: Իրականում, նա ինձնից լավ խոհարար էր իր խոհանոցում, ավելի հմուտ ու արագաշարժ: «Հարսիկներին» մոտ թողնելն էլ՝ մեծագույն վստահության դրսևորում էր, ու ես, անխոս, գնահատում էի այդ քայլը: Հայկի տված աշխատավարձով կարողանում էի մարել պարտքերս, վճարել բնակարանիս վարձը, ավելի շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանն ու հարմար աշխատանք փնտրելուն:
-Եկա՞ր փաստորեն, սսս՜, կարող ես չասել, գիտեի, գալուս ես, ասա տեսնեմ ի՞նչ ես արել այսօր:
-Այսօր ոչինչ, Ուսուցիչ…Հայկ…,-կարկամեցի ես,-բայց դու ի՞նչ ես նկարում, եկեղեցի՞:
– Չեմ նկարում, ամրացնում եմ իմ հոր, քո հոր , այ նրանց հոր տունը: Էս տունն ինքն ա կառուցել, իր ձեռքերով, այգին էլ իրենն ա: Էս ամենն արել ա, որ իր տղան, աղջիկը, գան նստեն փոքրիկ աթոռակին, չնեղվեն, ժպտան: Նա էլ շոյի ու հոտ քաշի մեր գլխից, զրուցի, օրհնի ու ճամփա ուղարկի մեզ:
Հայկի աչքերի մեջ կրակ բոցկլտած, նա մոտեցավ տուֆաշեն ժամին, շոյեց ամեն քարը՝ հատ-հատ , հետո զվարթացած հետ դարձավ ծառի մոտ, գրպանից խնձոր հանեց, անցկացրեց կտավե իր հագուստի վրայով, մեկնեց ինձ:
– Հոր տնկած ծառի բերքն ա:
Ուսուցչիս ձեռքը երկարեց, հասավ ամպերին: Ամպերից մեկն ինձ մեկնեց:
-Փափուկ ա, ճիպոտած, ծածկվի, չմրսես:
Մատիտը մեծ արև նկարեց, այգին դեղին ներկվեց, ծառերը կերպարանք ստացան, կեղտաջրերը հոսեցին ու հեռացան: Ուսուցիչս, ասես ինձ նորից մոռանալով, սկսեց կետեր թողնել երկնքի լազուրին:
……. …
-Ի՞նչ է սա, ինչ-որ բան ես գրու՞մ:
-Ըհը…… Փորձիր առանց խոսելու կռահել: Խոսքը շատերին ա հասնում, իմաստը՝……
…………….
……..
Հայկի «Հարսիկներն» ամենուր էին՝ կանաչ, վարդագույն, կարմիր, երփներանգ: Նրանք շարվել էին նկարչի մահճակալի շուրջբոլորը, հարսնացուին հատուկ հմայքն ու հանդուգն սիրային երկտողերը թաքցրել էին իրենց ապակե մարմինների մեջ՝ միմիայն մեկի՝ Հայկի համար:
«Հարսիկները» ապակեձույլ հսկա շորիկներ էին, որոնք ծնվում էին այնժամ, երբ Հայկը սիրահարվում էր ու որոշում նորից ամուսնանալ: Իսկ որոշումները կայացվում էին բավականին հաճախ:
-Հայկ, ախր ի՞նչ տվեց քեզ նախորդ ամուսնությունդ, ու ի՞նչ կտա հաջորդը:
– Ջանի՜կ, դու պատկերացրու մի պահ. ցուցահանդեսիս բացումն է , կինս կողքիս է՝ ջահել, զարդարված: Նա հիանում է իր ամուսնով, մի պահ անգամ մտածում է, որ էտ իր սեփական ցուցահանդեսն է: Պատկերացնու՞մ ես, ինչ պոզիտիվ կա դրա մեջ:
-Միայն դա՞:
-Չէ, իհարկե, որոշ ժամանակ հետո ինձ փրկում է այս ճամպրուկը: Սրա մեջ տեղավորվում է իմ ողջ կյանքը, ջանիկ: Ես սովորաբար վերցնում եմ ճամպրուկս ու հեռանում…Իսկ ամենակարևորը, ստեղծվում են «Հարսիկները»:
-Հա… Սիրուն են, ի՞նչ խոսք:
-Մի ժամանակ ամեն բան քննադատում էիր, հիմա՝ ընկալում ես: Ես պիտի խմեմ էտ պատգամավորի կենացը:
-Հայկ,-նեղսրտած անցա հաջորդ «Հարսիկին»:
-Ջա՜ն… Ապա էդտեղ մնա, չշարժվես: Քեզնից էլ վատ հարսիկ դուրս չէր գա, ասե՞լ եմ քեզ: Գույնդ դեռ չեմ որոշել, բայց մեջը… Գրածդ ռեցենզիաները կձուլեի ու անմոռուկներով կզարդարեի:
-Ինչու՞:
-Որ չմոռանամ քեզ: Ինձ շատ չկա, ծեր մարդ եմ:
– Ես չեմ ուզում այսպիսի «Հարսիկի» վերածվել, իսկ դու պատրաստվիր հաջորդ ամուսնությանդ, ես կօգնեմ, խոստանում եմ:
Օրըստօրե ուրիշ էի դառնում, նախկինի սրախոս քննադատն այլևս տեղ չուներ իմ տանը:
-Ջանիկ, քո մարմինը, քո տունիկն է: Ասե՞լ եմ: Երբեք չթափթփես տունիկդ, փառեր չկախես, ափսեներդ կեղտոտ չթողնես: Հետո էտ աղբի մեջ քեզ էլ կկորցնես:
Հայկի համար պատրաստելու ընթացքում հասկացա, որ իր համար սարքած գասպաչոն ու ռիզոտոն, բորանիին ու ղափաման ավելի օգտակար ու լավն են, քան ժամանակին գրածս քննախոսականները: Սկսեցի խոհարարական դասընթացների հաճախել և ժամանակ առ ժամանակ էլ, ինքս էլ ճաշատեսակներ հորինել:
Հայկն ու ՛՛Հարսիկները՛՛ օգնում էին ցրել մռայլ օրերի միապաղաղությունը, գինով ներկել անորոշությունն ու երբեմն էլ, կանաչ սպասասրահում գտնվելով, պատկերացնել ինձ տրիերայի որևէ հատվածում նստած՝ պատրաստ նոր մոլորակ տեսնելուն: Երբեմն էլ, Հայկից գաղտնի, զգուշորեն, կանգնում էի վարդագույն նախշազարդ ապակե շորիկի հետևում ու պատկերացնում, թե եթե ես էլ իմ շորիկն ունենայի այստեղ, ինչպիսի՞ն այն կլիներ: Գործերս ավարտելուն պես՝ հոգնած տուն էի դառնում: Կեսգիշերից առաջ անկողին էի մտնում, կծկվում մահճակալումս և արագորեն քուն մտնում՝ այգում սպասելով մյուս Հայկին (նրան ավելի հաճախ դիմելով իբրև՝ Ուսուցիչ):
-………………….
… ……. ………………
-……………………………………..
…………………………………………….

Ամիսները այլևս ժամանակի կորուստ չէին նշանակում: Ես ստեղծել էի իմ մոլորակը, որտեղ ձմերուկի քաղցր դիլիմների պես օրը բաժանում էի ժամերի, դասերի, պատմությունների ու սպասումի… Ցերեկը հայկավարի խառնաշփոթն էր, գույների հրավառությունն ու գինետոնը, իսկ գիշերը՝ Այգին, Ծառն ու Հայկի՝ Ուսուցչիս դասերը:
Ծննդյանս օրն էր: Ցուրտ ու ձյուն խոստացող մառախլապատ եղանակ: Տորթը ձեռքիս ներս մտա արվեստանոց: Հայկն ասաց.
-Վաղն էլ օր կա, ջանիկ, վաղն էլ:
«Հարսիկները» չկային: Հայկը Կապույտ Մորուքի պես էր վարվել նրանց, բոլորի հետ: Ննջարանը քույրական գերեզմանոցի էր վերածվել, իսկ հատակը՝ պատվել ապակե արցունքներով:
Հայկի ու իմ հայացքը համընկան, հետո ճամպրուկը գոհունակ ժպտաց ու ես դուրս վազեցի՝ չհասկանալով՝ ի՞նչ տեսա րոպեներ առաջ:
Երիցուկով թեյ խմելուց հետո անմիջապես քնեցի:
– Հա՜յկ, Հա՜յկ, ու՞ր ես, արի, խնդրում եմ… Ու հոսեցի…
Հայկը փնտրտուքիս ողջ ընթացքում, արցունքներիս առուն էր բացում. լուռ ու համբերությամբ լցված:
-Ուսուցիչ, եթե բացեմ աչքերս ու տեսնեմ, որ այգին չկա, որ այն իմ երազն է, ի՞նչ կլինի, ես կխելագարվե՞մ…
Մատիտը նորից կետեր թողեց …
…………………….
…………….
-Իսկ միգուցե դու՞ էլ չկաս իրականում: Եվ դու էլ մեկ ուրիշի երազն ես…Գուցե այգին է քեզ տեսնում երազում , և ո՛չ դու նրան…
Քիչ անց, հողը նորից դղրդաց, եկեղեցու քարաշեն մարմինը զանգեց: Լճակների մեջ ոսկե ձկնիկներ էին լող տալիս, քամանչան նորից դողում էր, նախնիները՝ պարում:
-Սա քեզ, -ասաց Հայկն ու մի մեծ ճերմակ փետուր տվեց:
-Սա ի՞նչ փետուր է,-զարմացա ես:
-Հուշկապարիկի…
..

……. …… …..
…… ……………………………………………..
Առավոտ կանուխ շնչաղեղձ հասա արվեստանոց: Չէի ուզում հարցնել ինչու՞, ուզում էի ասել, որ կուզեմ ինձ համար ապակե հարսնազգեստ պատրաստի:
Դուռը փակ էր, բայց երկտող կար: Ճամպրուկը տարավ Հայկին Հնդկաստան՝ տաք ու գունառատ մոլորակ…
Ես՝ գլխիկոր ու մռայլ, Բաղրամյանից Մաշտոցի պողոտա էի իջնում: Ձյունը անխնա պատում էր քաղաքը: Անցորդների մեջ հանկարծ ուշադրությունս գրավեց սև վերարկուով մի տղամարդ: Թիկնավետ, մթագույն ալիք մազերով, արծվի պես սևակն, խորաթափանց հայացքով, ծանր քայլերով: Նա սոսկ մի ակնթարթ հայացք ձգեց իմ կողմ, բայց նույն պահին էլի իր մտքերին անցավ, ասես չէր էլ ճանաչում ինձ: Նա ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում ո՛չ մարդկանց, ո՛չ մեքենաներին: Միայն հուշկապարիկի փետուրներ հիշեցնող ձյան փաթիլները մերթ ընդ մերթ ասես խուտուտ էին տալիս նրա՝ օձիքից երբեմն անջատվող պարանոցը:
Ես կանգ առա ու բերանս բաց արեցի, որ կանչեմ՝ Հա՜յկ, Ուսուցի՜չ, բայց լռեցի…