Քայլերս արագացնում եմ։ Չգիտեմ՝ ու՞ր եմ գնում, ինչի՞ հետևից, բայց դա ի՞նչ կապ ունի։ Գլորվում եմ այն անդունդը, որի հատակին կոտրված երազանքներ են ու անհույս մարդիկ։  Այստեղ ես հայտնվել եմ հարյուրավոր անգամներ։ Հարյուրավոր անգամներ էլ կոտրատելով բարձրացել եմ դեպի վեր։ Բարձրանա՜լ․․․ Սովորական է հնչում քեզ համար։ Կյանքիս նպատակն է։ Բարձրանալ այնպես ինչպես արևն է հիմա բարձրանում։ Բարձրանում է՝ ցրելով թանձր մթությունը ու բոլորին ցույց տալիս ինչքան անպետք ու կոտրված քաղաք է նրանց շրջապատում։ Քաղաք, որ խլում է բոլոր երազանքներդ, տապալում է նպատակներդ ու անտեսում քո բոլոր ցանկությունները։ Այստեղ պիտի պայքարես կյանքդ ապրելու համար։ Պիտի պայքարես անդունդը չգլորվելու կամ էլ վեր բարձրանալիս կրկին վար չընկնելու համար։

Լույսը բացվեց։ Ես էլ հասա այս խունացած քաղաքի մոխրացած անկյուններից մեկին։ Հանել եմ գիրքս ու ուզում եմ սկսել կարդալ։ Սկսելու իմաստ չկա։ Հերթական գիրքը չի փրկի անդունդից դուրս գալու հարցում։ Մի քանի հարյուր էջ պատմվածքը չի սոսնձի երազանքներդ։ Դրամա է։ Հերթական դրաման։ Բայց աշխարհի լավագույն դրամաները չեն գրվի։ Ես էլ, հո, դա գիտեմ։ Չեն գրվի, որովհետև դերասանները չեն կարող նստել բեմին ու լռել։ Իսկ այդ գրողի տարած լռությունը հազար անգամ ավելի դրամատիկ կարող է լինել, քան գրադարանի փոշոտված գրքերը։ Փոխարենը հազարավոր էջեր կգրվեն անհեթեթ մտքերով ու կկոչվեն դրամա։ Եվ այդ դրամատիկ ու անհեթեթ մտքերը տակնուվրա կանեն կյանքի բոլոր օրենքներն ու ավելի տրամաբանական կթվան քեզ, քան սեփական գլխումդ պտտվողները։ Մի կողմ եմ նետում դրաման։

Արդեն հասել եմ անդունդի հատակին։ «Հեքիաթներ ունեցեք։ Ձեր հեքիաթը։ Ձեր էության ինչ-որ մասով ապրեք հեքիաթի մեջ»։ Գրադարանի փոշոտված գրքերից մեկի այս տողերն են պտտվում գլխումս, ամեն անգամ երբ հայտնվում եմ այս անդունդի հատակին։ Փնտրում եմ իմ հեքիաթը։ Գտնելուց հետո փնտրում եմ ինձ այդ մանկական հեքիաթի մեջ։ Գտնելուն պես ուժերս հավաքում եմ ու սկսում եմ բարձրանալ։ Ներքևում եմ թողում բոլոր պատմավեպերը, դրամաներն ու ներկայացումները։ Ներքևում եմ թողնում իմ մանկական հեքիաթը։ Կարծես թե հաջողվում է։ Կարծես թե հասնում եմ վերև։

Հասնում եմ այն պահին, երբ արդեն մթնում է։ Արևը մայր է մտնում։  Երևի ինքն էլ է սկսում գլորվել իմ անդունդը։ Խնդրում եմ նրան, որ բարևներ ուղարկի ներքևում մնացած դրամաներին ու արցունքներին։

Կրկին մթնեց։ Լույս չկա, բայց ակներև է ինչքան դատարկ ու անպիտան քաղաքում եմ կանգնած։ Երևում է, որ այստեղ պիտի պայքարես կյանքդ ապրելու համար։ Պիտի պայքարես անդունդը չգլորվելու կամ էլ վեր բարձրանալիս կրկին վար չընկնելու համար։ Քայլերս արագացնում եմ։ Շտապում եմ, որովհետև գիտեմ, որ վաղը կրկին գլորվելու եմ մանկական հեքիաթի ու դրամաների անդունդը, որ տեղակայված է մութ ու անմարդ քաղաքի կենտրոնում։