Մամ գիտես քո աղջիկը մեծացել ա :  Ու հաճախ ա ունենում նյարդային ջղաձգումներ, անտեղի պոռթկումներ, վախեր, ցավեր, հիասթափություններ:

Մամ գիտես ներսումս շիլաշփոթ ա, մամ ինձ շարունակ համակում ա միայնության զգացումը :

Կներես ինձ հա մամ?  Իմ անտարբերության, իմ չարության համար, քեզ հետ շատ ժամանակ չանցկացնելու համար :

Կներես ինձ իմ սխալների համար: Կներես այն խոսքերի համար, որ ասել եմ հանկարծակի,իսկ հետո ամոթից շիկնել ու հեռացել եմ:

Գիտեմ դրանք հետք են թողել թե՛ իմ, թե՛ քո սրտի մեջ: Իսկ դու ներել ես, գիտեմ դու ծով համբերություն  ունես: Մամ կներես,որ շատ հաճախ աչքերդ  թաց եմ թողել,այն աչքերը, որ միշտ սիրով ու ջերմությամբ են ինձ նայել:

Մամ կներես,որ շատ հաճախ ձեռքերդ դողացել են հենց իմ պատճառով, այն ձեռքերը որոնք գրկել են ինձ, այն ձեռքերը, որոնք մաքրել են արցունքներս `հիասթափությունից, անարդարությունից գոյացած արցունքներս:

Նեղացած եմ այս աշխարհից մաա ~ Մարդկանցից, նույնիսկ ինքս ինձնից մա ~ Հոգնել եմ ստից, կեղծիքից, խայթող հայացքներից :

Մամ հեքիաթասացներից ես հոգնել եմ, չեմ ուզում լսել հեքիաթները մերօրյա:

Մա պատմիր ինձ իմ մանկության հեքիաթները: Դրանք այնքան անկեղծ էին ու բարի : Մամ ուզում եմ նորից փոքրանալ, ուզում եմ ձեռքս բռնած դպրոց տանես, մամ ուզում եմ նորից այդ օրերն ապրել, մամ դրանք ուրիշ էին. մամ դրանք էլ չենք ապրելու: Ինձ սովորացրել ես փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ գնալ, սովորացրել ես լինել  բարի, ներողամիտ, հանդուրժող, օրինակելի :

Մամ փչիր  հոգուս մեջ,ինչպես փոքր ժամանակ փչում էիր վերքերս,որպեսզի չցավեն, երբ ես լաց էի լինում,իսկ դու ասում էիր կմեծանաս կմոռանաս,իսկ ես հասկացա,որ ոչինչ չի մոռացվում այն մնում է մեր  տարողունակ հիշողության մեջ:

Մամ ալեկոծվում ա հոգիս, չեմ ուզում խեղդվել այս հեղձուցիչ մտքերի հորձանուտում:

Օգնիր  ինձ մամ:  Մամ գիտես ես քեզ կարոտում եմ նույնիսկ այն ժամանակ,երբ դու կողքիս ես :

Մաա գիտես, որ իմ պուճուր մոլորակի պայծառ արևն ես : Մեր տան լույսն ես մա :

Միշտ հետս մնա : Ամենամեծ վախս այն է, որ կգա մի օր,երբ չեմ վայելի ներկայությունդ, երբ կյանքից,աշխարհից, մարդկանցից հոգնած կվազեմ տուն, որ գիրկդ ընկնեմ, բարձր հեկեկամ ու գոռամ մաաամ :

Իսկ փոխարենը կլսեմ լռության աղեկորույս ձայնը և ժամացույցի սլաքների ահասարսուռ թխթխկոցը…