Երբ հանդիպեցի նրան, մահամերձ էր, բայց ապրում էր իրեն տեսնելուցս առաջ: ամեն ինչ կտայի, միայն թե հնարավոր լիներ փոխել ինձ, բնավորությունս, սովորույթներս, հակվածություններս ու վախերս: հասկացել եմ՝ ռադիկալ սիրառատությունն ու մարդասիրությունը երբեմն կործանիչ են , իսկ նրան տեսնելուց հետո նաև մահաբեր: առաջին ելքն էր մահով:
Ես սպանել եմ մարդկության հույսը, մարդկության սերը, կարեկցանքն ու հավատը, բայց նախքան գնահատակններս ուզում եմ պատմել եղածը:
Գնում էի հիվանդանոց մորաքրոջս ամուսնու եղբորորդուն ոլոռով ապուր հասցնելու համար: հիվանդասենյակը վեցերրորդ հարկում էր: որոշեցի վերելակի օգնությանը դիմել: տարվա ամենահիվանդոտ շրջանն էր: գարուն էր,  հիվանդանոցը բեռնավորված էր հիվանդներով ու բուժաշխատողներով: երևի արդեն տասը րոպե անշարժ կանգնած շնչում էի ինձ համար այդքան տհաճ ու ատելի հիվանդանոցային հոտը, բայց ոչ մի գործնական քայլի չէի դիմում ստեղծված իրավիճակից հնարավորինս շուտ ազատվելու համար՝ հակառակը հանդուրժողականությամբ սպասում ու զիջում էի բոլոր շնչավոր երկոտանի գոյացություններին: Գալիս-գնում էին նորանոր հիվանդներ ու այցելուներ: Ուժեղ գլխացավ ունեի ու անտանելի սրտխառնոց, ինչը և կանխատեսելի էր այստեղում ու ժամանակում: Էդ սպասման ընթացքում պարապությամբ ներծծված սկսեցի մոտավոր պատկերացնել գլխացավիս հնարավոր զարգացումները: թվում էր՝ քանի ժամանակն անցնում էր, էնքան գլուխս ավելի ու ավելի էր մեծանում հագովս ու արտաքին ծածկույթս չէր դիմանում երկարչափական պրոգերսայիով աճող էդ նորգոյացության չափսերին: Վերջում տեղի էր տալիս, պայթում էր մարմնիս վերնատունը, գանգս ցրվում էր վերելակով մեկ, եթե իհարկե իմ հերթը հասներ տեղավորել պատյանս ժամանակի ու էներգիայի խնայաղության վերուվար անող էդ մետաղե խորհանարդի մեջ:
Մի հիվանդի բերեցին պատգարակով, ով չէր կարողանում շարժվել ու խոսել: ժամանակի մեջ մի անշարժություն էր տեղափոխվում առաջինից վեցերրորդ հարկ: ինձ թվում էր՝ նախկինում հանդիպել էի հոգեվարքի մեջ գտնվող այդ հիվանդին: վերելակն իմիջայլոց ու անտարբեր շարժվում էր ապագա, որտեղ կամ մահն էր, կամ կյանքը:

Հարցրի բուժաշխատողին, թե հիվանդն ով է ու ինչ խնդիր ունի: Պարզվեց քրիստոսն էր:  Նա հոգնել էր ու վերջին վեց ամիսը ոչինչ չէր կերել:
-Գիտակցված հացադուլ, – եղավ կարճ պատասխանը:
-Իսկ ի՞նչն էր պահանջը,- հարցրի:
-Ծխախոտ էր պահանջում ու կարեկցանք: պահանջը մասամբ բավարարվել է՝ ծխախոտի մասով: Երրորդ ամսում արդեն սկսել է ծխել, բայց չի դադարեցրել հացադուլը. կարեկցանք չկար: Էս պամությունը ձգվեց ևս երեք ամիս: Ձեռքբերումը՝ թոքերի ուռուցք: Վերջին ստադիայում է, բժիշկներն ասում են՝ չի ապրի:

Մարդկությունը խուճապի մեջ էր: Բոլորը խորապես ցավում էին, հերթեր էին գոյացել հիվանդանոցի բակում ու հիվանդասենյակի մոտ: Ուզում էին տեսնել մեռնող քրիստոսին, ինչ-որ բաներ խնդրել, նվիրել, սիրել, կարեկցել, տեսնել ու լսել: Բայց ուշացել էին. չէր խոսում, բառեր էր ասում, որոնք այդպես էլ խոսք չէին դառնում: Վերջին մի շաբաթը դիտավորյալ լռել էր, երևի խոսքադուլ էր անում, պահանջը լռությունն էր:
Ամենայն անկեղծությամբ եմ ասում, կյանքումս առաջին անգամ ուզեցի չսիրել մարդկանց, հենց էդպես ուղղակի չսիրել նրանց՝ տեսնելով թե ուր էին հասցրել քրիստոսին: Իմ լրիվությամբ կարկեկցում էի նրան, ինձ թվում էր՝ ես ամենաշատն եմ հասկանում նրան: ուզում էր հոգեվարքն ավարտվեր կամ միգուցե ես էի ուզում հոգեվարքն ավարտվեր: Չգիտեմ խոսքս քրիստոսի, թե մարդկության չվերջացող հոգեվարքի մասին է: Վառեցի ծխախոտն ու դրեցի բերանը: Ծխում էր լուռ ու անհաղորդ: Դա նրա վերջին ծխախոտն էր: Մահացավ վերելակում՝ շարժվելիս:

 

Լիլիթ Ղալեչյան