Գրասենյակը, որտեղ ես աշխատում եմ, գտնվում է բարձրահարկ շենքի նկուղային մասի հարավային թևում: Յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի տնօրենի օգնականը հայտարարում է, որ մեզանից յուրաքանչյուրի գործը շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք ամենայն լրջությամբ և հավատարմությամբ կատարել մեր աշխատանքը… Տնօրենին ես չեմ տեսել, գրասենյակի աշխատողներից և ոչ ոք չի տեսել:

Գրասենյակում բոլոր բաժինները համարակալված են: Բաժինը, որտեղ աշխատում եմ ես կոչվում է 2-0-1-0-0: Բաժնի անվան վերջին երկու զրոները նշանակում են, որ ես հարավային թևում աշխատող դիտորդ եմ: Իմ հիմնական առաքելությունն է նստել իմ սենյակում ու նայել հազարավոր էկրաններին ու հետևել, որ դրանք չնկատվեն, միշտ լինեն միացված ու ձայնագրեն այն ամենը, ինչ տեսնում ու լսում են:

Ժամանակ կար, որ աշխատանքս հետաքրքիր էր. դիտորդը պիտի կարողանար աննկատ հետևել մարդկանց կյանքին, գրանցել նրանց յուրաքանչյուր արարք և հասցնել դրանք գրասենյակ վերլուծության համար: Բայց շուտով գրասենյակի տնօրենը հասկացավ, որ մեկ դիտորդը աշխատանքային օրվա ընթացքում հասցնում է հետևել միայն մեկ մարդու, և որոշեց ներմուծել նոր տեխնոլոգիաներ: Բարձրահարկ շենքի նկուղային մասում ստեղծվեց հարավային թևը, անվանվեց 2-0-1-0-0, առանձնացվեցին դիտորդների սենյակները, տեղադրվեցին հազարավոր էկրաններ, որոնք իմ փոխարեն կատարում են ամբողջ աշխատանքը:

Ժամանակ կար, որ դիտորդին թույլ էին տալիս օգնել կամ ուղղորդել մարդկանց: Մի օր մեզ արգելեցին մարդկանց օգնել, ու մենք տեսնում էինք, թե ինրպես են նրանք սխալվում ու տանջվում:

Դիտորդի օրը հետաքրքիր է, եթե որևէ տեսախցիկ շարքից դուրս է գալիս, կամ, ինչն առավել հազվադեպ է լինում, մարդկանցից մեկը նկատում է տեսախցիկը: Երբ տեղի է ունենում այդպիսի դեպք, մեր բաժին են գալիս 2-0-2-0-1 բաժնի աշխատողները, որոնց մենք անվանում ենք մեխանիկներ, անջատում են էկրանը, վերցնում այդ էկրանի հավաքած բոլոր տեղեկություններն ու հեռանում:

Մեր բաժնի անվան 1 թիվը նշանակում է, ավելի շուտ խորհրդանշում է դիտորդի կարգավիճակը: Մենք գրասենյակային հիերարխիկ համակարգում ամենաներքևում ենք, մեզանից բարձր մեխանիկներն են, հավաքողները, դասակարգողները, վերլուծողները, ստուգողները, օգնականները և տնօրենը: Մեր բաժնի առաջին 2 թիվը խորհրդանշում է այն սերունդը, որին դիտորդը պատկանում է:

Գրելս երևի թե իմաստ չէր ունենա, եթե չլինեին վերջին իրադարձությունները: Արդեն երկու ամիս է, առաջին երկուշաբթիները մենք չենք տեսնում օգնականներին: Նրանց փոխարեն առաջին ամսում մեզ հետ խոսեց ստուգողներից մեկը, հաջորդ ամիս` մի բարձրահասակ վերլուծող, որ անընդհատ ինքն իրեն ուղղում էր.

-Հիմա մեր գրասենյակի լավագույն օրերը չեն, այսինքն, լավն է օրը, այո: Եվ մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին, ինչը չի ենթադրում, որ օրը վատն է, կամ այնքան էլ լավը չէ: Դուք բոլորդ կարևոր եք նրանց համար, այսինքն մեզ համար, տնօրենի համար: Մենք բոլորս կարևոր ենք, այո՛…

Մինչև բարձրահասակ վերլուծողը խոսում էր, դիտորդներից մեկը, որ կողքս էր կանգնում այսքան ժամանակ և երբեք մի բառ անգամ չէր փոխանակել հետս, ասաց.

-Դու՞ էլ ես զգում, որ ինչ-որ բան այն չէ:

Ես չպատասխանեցի, բայց նրա կասկածը փոխանցվեց նաև ինձ: Ես սկսեցի հիշել վերջին ամիսներին եղած իրադարձությունները. սկզբում տեսախցիկներն ավելի հաճախ սկսեցին շարքից դուրս գալ: Մեր սենյակներում լույն անջատել-միացնելու կոճակներ չկան, մեզ թվում էր՝ լույսը երբեք չի անջատվում, բայց վերջերս մեխանիկները նոր աշխատանք ստացան: Նկուղի արևմտյան թևում տեսախցիկներից մի քանիսը սկսել էին չաշխատել, իսկ որոշ ժամանակ անց ամբողջ թևի լույսը անհայտացավ: Բաժնի աշխատողներն էլ էին անհետանում լույսի հետ: Դրա մասին ոչ ոք չէր խոսում, մտածում էինք, որ մեխանիկները կնորոգեն վաղ թե ուշ, չէ որ հնարավոր չէ, որ մի ամբողջ թև իր աշխատողներով անհետանա: Հենց այդ պահից սկսվեց ցածրաձայն խուճապը: Երբ որևէ մեկի մոտ տեսախցիկները շարքից դուրս էին գալիս, նա սկսում էր սպասել մթությանը: Այդպես էլ լինում էր: Վերջին մեկ ամսում ամբողջ Արևմտյան թևը կորցրեց իր լույսը, իսկ հյուսիսայինում մի քանի սենյակ դեռ պահպանում էին այն: Մեխանիկներն այլևս մեզ մոտ չէին գալիս:

Գրելս իմաստ չէր ունենա, եթե ես համոզված լինեի, որ գրասենյակի 2-1սերունդը կիմանար այն, ինչ ես հիմա գիտեմ: Սկզբում ինձ թվում էր, թե գրասենյակը մեռնում է: Ես մտածում էի, որ տնօրենի բացակայությունը, օգնականների և վերլուծողների կցկտուր խոսքը, ներքին խուճապը և անհետացող բաժիններն ու լույսը գրասենյակի մահվան նախանշաններն են: Ես, իհարկե, սխալվում էի: Մեկ շաբաթ առաջ ես նամակ ստացա տնօրենից, որի վրա գրված էր` 2-1-8-0-0:

Նամակն ինձ տեղեկացնում էր`

“2-0 սերունդի դիտո՛րդ, դու կատարել ես քո պարտքը, ինչպես քեզնից առաջ եղած դիտորդները: Մարդկային թվերով դու աշխատել ես ուղիղ 1000 տարի և քո սերունդը պիտի տեղ ազատի նոր սերունդի դիտորդների համար”: Ես մտածեցի, ինչ է լինելու ինձ հետ, երբ իմ սենյակի լույսը անջատվի…

Երբ առաջին անգամ գալիս ես գրասենյակ, քեզ անպայման պատմում են գրասենյակի ամբողջ պատմությունը, ինչպես է այն ստեղծվել, ով է ղեկավարում, որ բաժնում ես աշխատելու և ինչու: Պատմում են նաև մի մեխանիկի մասին, ով որոշել է փախչել գրասենյակից, այդ պատճառով դարձել է օգնական,,, Օգնականները ունեն բանալիներ, որոնք բացում են գրասենյակից դուրս տանող դռները: Փախչել կարող ես գրասենյակից, բայց տեսախցիկներից փախչել չես կարող: Քեզ անպայման պատմում են այս պատմությունը: Մեզանից և ոչ ոք չի էլ մտածում փախչելու մասին, ես էլ չէի մտածում, քանի որ չգիտեի, որ տարիներ հետո իմ սենյակի լույսը անջատվելու է և ինձ անհայտության մեջ է գցելու:

Եթե չլիներ այս միտքը, գուցե անիմաստ կլիներ գրելս: Նամակը ստանալու օրից անցել է մեկ շաբաթ: Էկրաններն իմ սենյակում հերթով անջատվում են, իսկ մեխանիկներն արդեն վաղուց չեն գալիս, շուտով իմ բաժինը կվերանվանվի 2-1-1-0-0 և գուցե նոր դիտորդը իմ փոխարեն կսպասի մթությանը,,,

 

Մարիամ Ալեքսանյան