Աշնանային հերթական երեկոն էր նավահանգստային փոքրիկ քաղաքում։ Սեմն ընկերոջ հետ թեյարանում էր, որտեղ երիտասարդ տարիներին հաճախ էր լինում։ Մթնոլորտը ջերմ էր, ընկերական։

Հանկարծ Սեմի ուշադրությունը գրա­վեց թեյարանի այցելուներից մեկը, որը յուրովի առանձնանում էր։ Այնուհետ անծանոթուհին ամբողջությամբ գրավեց Սեմի ուշադրությունը։ Նրա շարժում-ժեստերը, դիմախաղ-միմիկաները, ժպիտը, տրամադրությունն ու էներգետիկան գերե­ցին Սեմին։ Սեմը տարվեց նրանով և, անկախ իրենից, սկսեց կլանել անծանոթուհուց ար­ձակվող ջերմությունը։ Նրանց հայացքները հանդիպեցին։ Սեմը մի պահ հասկացավ, որ ցանկանում է այդ կնոջն իր կողքին տեսնել և սիրել նրան։ Սակայն, ինչպես պարզվելու էր հետագայում դա անհնար էր………….

Սեմը ոչ երիտասարդ մի տղամարդ էր,ով հասարակությունում ձնավորված կարծրատիպերի համաձայն՝ կրում էր «ծանր փորձ ունեցողի» դրոշմը։ Նա ուներ անձնական կյանքի բավական հարուստ փորձ՝կանայք,ամուսնալուծություններ և ինչպես ժանրն է պահանջում՝ երեխաներ:

Իսկ պատմվածքի հերոսուհին Ինան է (այո, նրա անունը Ինա էր կամ Անի, արդեն չեմ հիշում. դա կարևոր չէ)։ Կարևորն այն է, որ Ինան ծանրաբեռնված չէր այդ ամենով։ Ավելին՝ այդ ամենը նրա համար խորթ էր ու անընդունելի։ Ինան սկզբունքորեն խիստ բացասական վերաբերմունք ուներ նման երևույթների և հատկապես նմանատիպ տղամարդկանց նկատմամբ։

Նրանք երկուսն էլ ինչ-որ բանով նման էին միմյանց՝ կյանքում ինչ-որ բան էին փնտրում և երկուսն էլ միայնակ էին։ Ինան երջանկություն էր փնտրում, բայց փնտրտուքի արդյունքները պետք է երաշխավորված կերպով իրեն «ՀԱՂԹԱՆԱԿ» ապահովեին, քանզի նա չէր ցանկանում «ՊԱՐՏՎԵԼ»։ ՀԱՂԹԱՆԱ՛Կ, ՀԱՂԹԱՆԱ՛Կ,ցանկացած գնով միա՛յն ՀԱՂԹԱՆԱԿ։ Ինան անհեռանկար էր համարում հարաբերությունները Սեմի հետ։

Իսկ Սեմի փնտրտուքն առանց շահումի էր։ Նա փնտրում էր, որ ապրեր, կամ ապրում էր, որ փնտրեր։ Նրա համար միևնույն էր, քանզի ոչ հաղթում էր, ոչ էլ պարտվում, նա պարզապես ստեղծագործում էր։

Այս համառոտ պատմվածքում, կարծում ենք, գլխավորն ու կարևորն այն է, որ Սեմը ցանկանում էր սիրել և իր ցանկություններում ու զգացմունքներում անկեղծ էր:

Ինան նստեց իր սպիտակ նավակը, որը կայանված էր կառանատեղում, և հեռացավ օտար ափերից, ճանապարհ բռնելով դեպի հարազատ ափեր՝ իրեն ծանոթ միջավայրում երջանկություն և հեռանկարային հարաբերություններ գտնելու ակնկալիքով……

Իսկ Սեմը միայնակ էր, ինչպես և բոլոր կենղանի արարածներն այս աշխարհում։ Միայնակ լույս աշխարհ են գալիս, միայնակ հեռանում այս աշխարհից և, ինչպես ասում էր իմաստուն-գիտնական մի կին, նաև միայնակ են մարդիկ, երբ քնած են։ Մահն էլ է քուն, բայց հավիտենական։

Կարծիք կա, որ իբր լավ ճանաչում ենք Սեմին։ Սեմի էությունը, վախերը և թե­րությունները…. Դուք Մեծ աշխարհն անգամ չեք ճանաչում, ուր մնաց փոքրիկ Սեմին ճանաչեք։ Բայց բոլորդ էլ համոզված եք, որ աշխարհն այնքան մա­նրամասն ուսումնասիրել եք և հրաշալի ճանաչում եք այն։ Աշխարհի ձեր ճա­նաչումը սահմանափակվում է մայդագործ, մարդաստեղծ, մարդածին միֆերով, լեգենդներով, հեքիաթներով, ենթադրություն­ներով ներկայացվող պատկերացումներով, չարի, բարու, գեղեցիկի և տգեղի, բարոյա­կանի և անբարոյի և ամենակարևորը՝  ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հեքիաթով:

Սեմը արդարություն չի փնտրում, նա դրա կարիքը չունի։ Կարիք չունի նաև ձեր տարատեսակ հեքիաթներին հավատալու,առավել ևս՝ ցանկություն չունի նմանվելու Գլխավոր Հեքիաթի հերոսին։ Սեմը հեքիաթներ սիրում է, ավելին՝ մեկ-մեկ էլ ինքն է գրում, բայց ձեր հեքիաթում հետաքրքիր հերոս չի գտնում, որին կցանկանար կրկնօրինակել։

Սեմը չի էլ թաքցնում իր թուլությունները և վախերը։ Իսկ ինչ են ընդհանրապես թու­լությունն ու վախը, նորից բախվում ենք հեքիաթասեր հասարակության աշխարհ­ընկալմանն ու ճանաչման սուբյեկտի­վիզմին։ Սուբյեկտիվ է նաև Սեմը իր պատկերացումներում և ընկալումներում ինչպես բոլորը։ Բայց Սեմն իր հեքիաթները ոչ մեկին էլ չի պարտադրում։ Գրում է հեքիաթներ, պատմում այն. կարող եք ընթերցել կամ ոչ, կարող եք ունկնդրել կամ ոչ, Սեմի համար միևնույն է. նրա համար կարևորը բազմազանությունն է և ընտրության հնարավորությունը. Նա թիթեռնիկի նման ծաղկանոցի բազմազանության մեջ կընտրի իրեն դուր եկած միակ և անկրկնելի ծաղիկը։

Այո՛, Սեմը վախենում է, բա չվախենա՞, այո՛,թուլություններ էլ ունի, բա չու­նենա՞։ Բայց մի մտեք մի այլ հեքիաթի պատկերացումներով և ընկալումներով այլ հեքիաթներ, որտեղ ձեր ճանաչած հերոսները չկան (այնտեղ ընդհանրապես հերոսներ չկան)։ Այդ հեքիաթներում ապրում են բազում միայնակ միավորներ, որոնք պարբերաբար համախմբվում են (Հեքիաթի հեքիաթիկևերի շուրջ), տրոհվում են, բաժանվում, վիճում են, ստեղծագործում, ատում են և սիրում և, ի վերջո, անհետանում։

Միգուցե տեղափոխվում են այլ հեքիաթ……

Դրա պատասխանը միանշանակ գիտեն Գլխավոր Հեքիաթի երկրպագուները, Սեմի հեքիաթներում դրա մասին խոսք չկա, պարտադրանք չկա և, որ ամենակարևորն է, բազմազանություն և բազմակարծություն կա։ Սա է, որ սարսափեցնում է Գլխավոր Հեքիաթի սիրահարներին, քանզի իրենց աշխարհի տրամաբանության մեջ այն չի տեղավորվում։ Իսկ ո՞վ ասաց, որ աշխարհն ու կյանքն ունեն տրամաբանություն կամ ենթարկվում են քրիստոնեական հեքիաթի տրամաբանությանը։ Միգուցե տրամաբանություններն էլ բազմազան են և բազմաբովանդակ Սեմին լավ ճանաչողները կարծիք են հայտնում, որ նա իր անտրամաբանական աշխարհընկալմամբ պայմանավորված փնտր­տուքների ընթացքում «ավերածություններ է գործում և փլատակներ թողնում»։ Խափանում է մարդկանց տրամաբանված, կազմակերպված կյանքի ընթացքը, Սեմը կասեր՝ «դիմակահանդեսի կազմակերպված ընթացքը»:

Կարևորն այն է, որ Սեմը չի ցանկանում ո՛չ պարտադրել և ո՛չ էլ պարտադրվել։ Կլինեն մարդկային հարաբերություններ, թե հեքիաթի ընտրություն Սեմն ունի անկեղծ ցանկություններ և զգացմունքներ, որոնք ևս կարող են անտրամաբանական թվալ Գ.Հեքիաթասեր հասարակությանը։

Ի դեպ, ասեմ, որ «ավերակները և փլատակները» այդքան էլ սարսափելի երևույթներ չեն, մի մոռացեք, որ այսօրվա ձեր գոյությունը սկիզբ է առել հենց Մեծ Պայթյունի ավերածությունների շնորհիվ՝ (հերթական մի հեքիաթ)։ Միգուցե Սեմի «ավերածությունները» ևս նոր կյանքի և նոր զարգացումների հնարավորություններ են ստեղծել, բայց ոչ կազմակերպված տրամաբանության շրջանակներում։

Սեմը համոզված է, որ գտնելու է իր Ինային, որին բավական երկար ժամանակ փնտրում էր…և կարծես գտել էր……Մի պահ Սեմին թվաց, որ Ինան բացվել է և անկեղծ է իր….Սակայն ամենը տրամաբանելու,կազմակերպելու, Գ. Հեքիաթի կանոններին համապատասխանեցնելու անհարժեշտությունը պարտադրում են Ինային որոշակի սահմանափակումներ………

Այո՛, ինչպես նրա ընկերն էր ասում , Սեմը վախեր ունի, բայց Սեմը չի թաքցնում իր վախերը…

Սեմը վախենում է Ինայի՝ դիմակահանդեսի հնարավոր մասնակցությունից, վախենում է Ինայի կեղծավոր լինելուց, վախենում է կորցնել այն զգացմունքը, որն ապրեց մի ակնթարթ…… Սեմը երկար ժամանակ այն չէր ապրել, կարող է՝ ընդհանրապես չէր ապրել։

Միգուցե Ինան իրավացի է՝ ամենը թողնել այնպես, ինչպես կա, որ ….

Սեմը մի վախ էլ ունի, ավելին՝ դա վախ չէ, դա սարսափ է՝ սարսափն էլ է հեքիաթ։ Ո՞րն է դա։ Կորցնելով այդ եր­կար փնտրված զգացողությունը, որը պարգևեց իրեն ծաղկանոցի միակ ծաղիկը՝ նա պարտադրված է լինելու «նոր ավերա­ծություններ» գործել թե՛ ձեր հեքիաթում,  թե՛ ձեր ծաղկանոցում…. Իր սերը գտնելու այլ ճանապարհ Սեմն ուղղակի չունի, ինչը կանխորոշված է սեփական Հեքիաթի փիլիսոփայությամբ……

Սեմը կորցրեց այն, ինչ գտել էր, իսկ գտել էր նա այն կարևորը, որը…. Միգուցե Սեմին Աստվածներն էին (կամ Աստվածը) տվել Ինայի հետ հարաբերվելու հնարավորությունը, և նրանք էլ արգելափակեցին այդ հնարավորությունը։ Սեմին մնում է համակերպվել հզոր Աստվածների քմահաճության դրսևորումներին։

Թեյարանում Սեմին գերելէր Ինայի փայլը և բացառիկ կանացիությունը, իսկ հետագայում երկկողմանի խոսք ու զրույցի ընթացքում նրան ապշեցրեց Ինայի խորունկ ինտելեկտը… Այդ ամենով է հրապուրված Սեմը, սակայն անտարբեր է Ինայի վճռականության՝ ուժեղ լինելու ցուցադրության նկատմամբ։ Միայն երկու ցանկություններում է մարդը անկեղծորեն վճռական՝ ապրել և մահանալ։ Մնացած ամբողջը ընդամենը ածանցյալ ֆունկցիաներ են։

Միգուցե Ինայի Աստվածն այնքան հզոր և բարեհոգի գտնվի ու վերադարձնի փոքրիկ Սեմի արգելափակված հնարավորությունը, բայց ոչ ի վնաս Ինայի վճռականության և ազատատենչության։

Մի՛ փնտրեքերկիմաստություններ պարզագույն մարդկային հարաբերություն­ներում, Սեմը պարզապես հոգեհարազատ բացառիկություն է գտել, իսկ դուք այն փորձում եք թաքցնել իրենից…

*****

«Սեմի հեքիաթները» անունը կրող այս  պատմվածքը, ավելի շուտ՝ պատմվածքների շարքը, ամենևին էլ հեքիաթ չէ, այլ այսօրվա իրականության մասին պատմություն՝ ոչ-ժամանակակից մարդու մտորումներով և դիտար­կումներով, մի մարդու, որն ավելի ռոմանտիկ է, քան իրականությունը, ավելի լավատես, քան իրեն շրջապատողները, որոնց մասին նա գրում է…

«Սեմի» դերում հավանաբար հայտնվում են բազում երիտասարդներ, սակայն հաճախ , ստիպված են հրաժեշտ տալ այդ դերին և ,ստանձնել ժամանակակից աշխարհի մեխանիկական ու տեխնիկական մտածողությունն ու վարքը, ձուլվել ամբոխի հետ, հագնել անտարբերության հագուստներ… Հեղինակը կարողացավ իր մոտեցումներն արտահայտել այդ իրողության մասին, նաև իր զուսպ բողոքը՝ մարդու և հասարակության բարքերի միջև անհամա­ձայնության վերաբերյալ։

Արթուր Աթանեսյան,

ԵՊՀ դասախոս