Գարուն էրԱրևի պայծառ ճառագայթները ողողել էին դաշտ ու այգի, կյանքը նոր շունչ էր առել, բնությունն արթնացել էր իր խորը ձմեռային քնից:  Փոքրիկ պարտեզը լի էր անթիվ անհամար բազմերանգ  ծաղիկներով՝ վարդերով, կակաչներով, մանուշակներով, նարգիզներով: Պարտեզի զարդը վարդն էր՝ թագուհին: Գոռոզ ու եսասեր Վարդը արհամարում էր բոլոր ծաղիկներին ու իր թփերից այն կողմ չէր նկատում ոչ ոքի: Եվ միշտ հպարտանում էր ասելով, որ ինքն ամենալավն է, ամենագեղեցիկն ու շքեղը, և որ ինքը երբևէ չի կարող աննկատ մնալ որևէ մեկի աչքից : Մնացած ծաղիկները նվիրված էին մեկ մեկու: Նրանք գիտեին որ, Վարդի նման գեղեցկություն չունեն, չեն բուրում նրա պես ուժգին, բայց այնուամենայնիվ չէին նախանձում Վարդին:

 Մի անգամ պարտեզ եկան երեխաները և որոշեցին ծաղկեփունջ հավաքել: Թեև ծաղիկները գիտակցում էին,  որ գնում էին ջերմացնելու շատ շատերի սրտերը,  բայց և այնպես շատ էին տխրել, որ պիտի բաժանվեն իրենց հարազատ հողից և այլևս երբեք չտեսնեն միմյանց : Առաջինը Վարդն էր, որ գրավեց բոլորի ուշադրությունը: Բոլորի մոտ ցանկություն առաջացավ փունջը կազմել հենց չքնաղ Վարդից, բայց նրա սուր փշերի պատճառով ոչ ոք չկարողացավ նույնիսկ դիպչել նրան:  Մնացած բոլոր ծաղիկներից ծաղկեփնջեր կազմվեցին:  Վարդը մնաց մեն-մենակ պարտեզում և ահա նրա գեղեցկությունը նույն վայրկյանին էլ խամրեց, և նա թոշնեց : Այլևս չէր բուրում այնպես անուշ, ինչպես առաջ էր, այլևս ոչ ոքի չէր գերում իր հմայքով: Մնացել էր թփի վրա և ո՛չ ընկնում էր, բայց և ո՛չ էլ ծաղկում: Թոշնեց գեղեցկուհի  Վարդը, և այդժամ գիտակցեց, որ կորցրեց իր լավագույն ընկերներին:

Ավա՜ղ, արդեն շատ ուշ էր: