“Դու ուրիշ ես, հիշի՛ր: Դու կկարողանաս ու պիտի կարողանաս, որովհետև ուրիշ ես, մի՛ մոռացիր այդ,” – ասում էր մի ձայն ներսից:

Այս ձայնը, կարծես, ոչ թե մի մարդու, այլ հարյուրավոր մարդկանց ձայների խառնաշփոթ միասնություն լինի, ու հասկանալի չէ` այն տղամարդու է, թե կնոջ: Նույնիսկ ստույգ չեմ կարող ասել, թե իմ կյանքում որ պահից եմ սկսել լսել այն: Միայն մի բանում եմ համոզված, որ ամեն անգամ, երբ վշտացած եմ լինում ու հոգուս վրա զգում եմ ինչ-որ ծանրություն, ինչ-որ մի “պիտի”, ինձ այցելում է այս ձայնը: Նրանք, կարծես թե, ինձ ուժ են տալիս: Կարծես թե…

Կողպեքի ձայն: Նա վերադառնում է: Արագ հայացքով զննեցի սենյակս, որպեսզի համոզվեմ, որ ամեն ինչ իր տեղին է, ճիշտ այնպես, ինչպես նա է սիրում: Եթե եկավ, ուրեմն մինչև ներս գա, կոշիկներն ու շորերը փոխի, դասավորի, լվացվի, դասավորի նաև իր պայուսակի ունեցվածքը և բարձրանա սենյակս, քսան րոպե ժամանակ կունենամ: Արագ մոտեցա հայելուն, սկսեցի սանրել ու հավաքել մազերս շատ ձիգ պոչի մեջ: Ճիշտ այդքան էլ ժամանակ պետք եկավ մինչև հատակը սլացող մազերս կարգի բերելու համար, այն էլ ինչ կարգի…

-Բարև, իմ Աննա:

-Բարև, Տիգրան:

-Ինչպե՞ս ես այսօր:

-Կերպարայի՜ն… – ժպտացի ես երջանիկ: – Թռչունների երգի տակ անյքան ոգեշնչված էի աշխատում, նրանք երգում էին, իսկ ես իմ գործն անում: Թռչուններն ինձ կարծես աջակցում  էին, առանձ այդ տրամադրող հնչյունների գուցե չկարողանայի այսքան հավեսով աշխատել…

-Ոնց էլ կարողանում ես միշտ այսքան տարբեր լինել՝ նույն գործն անելիս ու նույն կյանքով ապրելիս այսքան տարի,- քմծիծաղեց նա,- քանի՞ պայուսակ ես այսօր պատրաստել:

-Պատկերացնու՞մ ես, հենց մինչև քո գալը ավարտեցի երրորդը:

-Երեք պայուսակ մի օրում: Աշխատանքդ այսօր բավականին ավելի արդյունավետ է քան սովորաբար, բայց դու ինքդ էլ գիտես, որ ավելին կարող ես անել: Դու նաև գիտես, թե ինչ մեծ անուն ունենք, ու օրեցօր հաճախորդներն ավելանում են:

Միշտ է Տիգրանն այսպիսին եղել: Նա այն մարդն է, ով երբեք չի բավարարվում իր ունեցվածքով ու հաջողություններով, ու դրա համար էլ  չի կարող լիովի վայելել դրանք:

-Իսկ քեզ մո՞տ ոնց անցավ օրը: Ի՞նչ նորություն կար խանութում:

-Սովորական, ինչպես միշտ, ի՞նչ արտառոց բան պիտի լինի:

Ես էլ իմ հերթին զարմանում եմ, թե ինչպե՞ս մարդ կարող է այսքան բազմազան կյանք ունենալ, շփվել տարբեր մարդկանց հետ, կնքել տարբեր գործարքներ, ու միշտ նույն ձև լինել, միշտ տալ այս նույն պատասխանը: Մի՞թե ոչ մի հետաքրքրություն չկա…

Քանի ես իմ մտորումների մեջ էի, չնկատեցի, որ Տիգրանն իր առնական, խաղացող հայացքով զննում է ինձ ոտքից գլուխ:

-Դու չես կրում իմ ամենասիրած շորը, որը ծնունդիդ էի նվիրել:

-Դե Տիգրան… Ինչու՞ չեմ կրում:

-Դա դու պիտի իմանաս: Վերջին անգամ ե՞րբ ես հագել:

-Ես… Էս պահին չեմ հիշում…

-Հենց այն է, որ այնքան վաղուց, որ չես էլ հիշում,- վշտացած ու ահարկու ձայնով արձագանքեց Տիգրանը, – Դու գիտես, թե ինչքան շատ եմ ես սիրում քեզ այդ շորով: Դու աննկարագրելի գրավիչ ես… Ինձ շատ հաճելի կլիներ, եթե ավելի հաճախ տեսնեի քո հագին… Հասկացա՞ր:

-Այո…- կամացուկ արտաբերեցի ես: Գլուխս կարծես ինքնուրույն կախվեց ներքև, գետնին իջավ հայացքս, ինչպես նաև այն էներգիան, որ պահում էր իմ կենսուրախ ժպիտը, ցած ընկավ:

Տիգրանի այս խոսքերն ու այս տոնը բոլորովին լավ բան ակնկալել չէին տալիս: Ամեն անգամ նրա այս ահարկու և պահանջկոտ ձայնը կարծես կոտրեր իմ մեջ հերթական մի կայծ, մթացներ մի երանգ, խլացներ մի նոտա:

-Ես ուզում եմ, որ մենք այս երեկոն անցկացնենք վերնահարկում, – ասաց նա՝ ինձ դանդաղ մոտենալով, – կխմենք վիսկի, կնայենք աստղերին, կզրուցենք…

“…Ես կլսեմ լիքը նոր տեսություններ տիեզերքի հայտնվելու մասին, որոնք չարաճճի երեխաների պես անդադար իրար հակասում են, դու ցույց կտաս ինձ նորանոր համաստեղություններ, ինչից ես կձանձրանամ, իսկ կզրուցենք մենք Նիցշեից… Ավելի ճիշտ՝ դու կխոսես, իսկ ես կլսեմ, լուռ ու մունջ՝ կրկին զգալով ինձ անգրագետ…” – մտքումս շարունակեցի ես:

-Տիգրան, իսկ ինչու՞ մենք ցերեկը չենք զբոսնում: Ես ամբողջ ժամանակ տանը աշխատում եմ, բայց այնքան եմ կարոտել խոտերը, այգիները, արևը, բլուրները, ջերմությունը: Իսկ թռչունների երգերը հրաշալի երաժշտություն կլինեին մեզ համար…

-Աննա, դու նորից ինձ հակաճառու՞մ ես:

-Տիգրան… Դու գիտես, որ վերնահարկն այդքան էլ չեմ սիրում…

“…Ինչպես նաև չեմ սիրում խմելն ու շատ փիլիսոփայելը,” – չասացի ես:

-Աննա, լսիր ինձ… Լսու՞մ ես, – Տիգրանը մոտեցավ ինձ մեջքի հետևից և պարուրեց ինձ իր ուժեղ թևերի մեջ, – եթե դու ինձ հակաճառես, ո՞նց պիտի մենք շարունակենք կառուցել այն, ինչ միասին ենք ստեղծել: Դու գիտես, որ մեր կյանքը, մեր տունը ամբողջովին ուրիշ է: Մենք կտրականապես տարբերվում ենք բոլորից, որովհետև մենք ավելիին ենք ձգտում: Մենք չենք գնում ինչ-որ մեկի տրորած հետքերով, մենք մեր ճանապարհն ենք դնում, իսկ դա, բնականաբար, շատ ավելի դժվար է: Տեսնու՞մ ես, ինչ հաջողություն ունեն քո պատրաստած հրաշալի պայուսակները. ամենահեղինակավոր բրենդն ենք երկրում: Իհարկե, այս ամենի մեծ մասն իմ շնորհիվ է, – նա ձեռքով ցույց տվեց տանը և պատուհանից երևացող մեծ այգուն, – այս ամենը, ինչ մենք ունենք, ու դեռ եռապատիկ կունենանք: Ես ու դու, մենք միասին ենք սա ստեղծում, ու դու պիտի ինձ աջակից լինես, ոչ թե ամեն փոքր բանին հակաճառես:

Մի պահ փորձեցի ինձ համոզել, որ երջանիկ եմ այս զորեղ, նպատակասլաց, ահարկու տղամարդու կողքին: Իսկ այդ պահից հետո՝ արտասվեցի…

-Տիգրան… – խոսացի ես ցածր ձայնով, աշխատելով թաքցնել այն, որ լաց էի լինում, – մեզ այնքա՜ն են պակասում գույներն ու ուրախությունները: Ինչու՞ մենք բալիկ չենք ունենում…

-Մենք արդեն խոսացել ենք այդ մասին… – Կտրուկ ու ցածր խոսեց նա, – դու գիտես, որ մեր ապագա երեխաները պիտի ամեն ինչ ունենան, առաջին հերթին՝ որակյալ կրթություն: Աննա, հավատա ինձ, ամեն ինչ կլինի… – Տիգրանը գրկեց ինձ ավելի ամուր և վերջապես, օրվա մեջ առաջին անգամ նայեց աչքերիս մեջ: – Ես քեզ սիրում եմ, Աննա…

Նա համբուրեց իմ վիզը, և այդ պահին մի հիվանդագին սարսուռ անցավ ամբողջ մարմնովս… Ոտքերս այլևս չէին կարողանում ինձ պահել, և ես ընկա գետնին… Կրծքիս մեջ ինչ-որ բան դողում էր, կարծես թե դիմադրեր այն ամենին, ինչ կատարվում էր շուրջս, կարծես թե ուզում էր ազատվեր…

Ես հիշում եմ ծանրացող մթություն, ու կրկին նույն ձայները.

“Դու ուրիշ ես, հիշի՛ր: Դու կկարողանաս ու պիտի կարողանաս, որովհետև ուրիշ ես, մի՛ մոռացիր այդ:”

Հիմա հասկանում եմ, որ այս ձայները, կարծես, հայտնվել են ինձ ուժ տալու համար, բայց նրանց ֆունկցիան չեն կատարում, իսկ փոխարենը, ընդհակառակը, ավելի են ծանրություն բարձում ինձ վրա…

Երբ ուշքի եկա, զգացի, որ անկողնուս մեջ եմ: Տիգրանը հավանաբար առաջին հարկում համակարգչով աշխատում էր: Նման նոպաներից մեկը վերջին անգամ երկու ամիս առաջ էր եղել: Մոտեցա պատուհանին, արդեն ուշ երեկո էր: Ընկա մտորհումների մեջ: Նայում էի հայելու մեջի արտացոլանքիս ու իբրև չէի հավատում նրան, ինչ տեսնում էի: Չէի հավատում, որ 22 տարեկան եմ, որ ապրում եմ այստեղ՝ իմ երազների տանը, որ ունեմ այն ամենը, ինչի մասին երազում էի, որ կարում եմ պայուսակներ, որոնք շատ հայտնի ու ցանկալի են ամբողջ քաղաքում, ու չէի հավատում, որ արդեն 3 տարի Տիգրանի հետ եմ ապրում… Իսկ ինչու՞ եմ նրա հետ: Ինչ հիշում եմ, պարբերաբար տալիս եմ ինձ այս հարցը: Եվ միշտ գտնում եմ մի գերճիշտ պատասխան…

Ամեն անգամ, երբ զգում եմ այս վշտացվածությունը, մոտենում եմ իմ դարակին՝ այս մեծ տան միակ անկյանը, որում Տիգրանը ազդեցություն չուներ, որտեղ ես ազատ էի ու լիովին կարող էի տրվել իմ զգացմունքներին ու հուշերին… Այս դարակում ես պահել եմ բոլոր իմ օրագրերը՝ մանկությունից սկսած, բոլոր նվերները՝ տարիներ առաջվա իմ երկրպագուների կողմից, որոնցից ամեն մեկը մի մասնիկ էին իմ կյանքում, իսկ նրանց մասին հուշերը մի ամբողջություն էին կազմում: Պահել եմ նույնիսկ գեղեցիկ անձեռոցիկները, որոնք ես հավաքում էի դասարանից մի աղջկա հետ դպրոցական տարիներին:

Այս անգամ ես ինքս իմ պատմություններից ու հուշերից պատասխան էի ակնկալում իմ անհասկանալի ներկայի համար: Բացեցի օրագրիս մեջ պատահական մի էջ, ու…

“Ես սիրում էի կանաչն ու սպիտակը, իսկ նա սիրում էր սևը: Իսկ երբ նա սիրեց նարնջագույնը, մի տեսակ օտար թվաց, կարծես թե իմը չլիներ…”

Իհարկե… Միշտ էլ իրար ամբողջովին չէինք հասկանում: Բայց ես ավելին էի ուզում հիշել ու հասկանալ…

“Ամեն ինչ պարզ էր այն պահից, երբ առաջին ժամադրությունների ժամանակ ինձ Նիցշե էիր կարդում…

Ամեն ինչ պարզ էր այն պահից, երբ ծանոթանում էիր իմ հետ, ու քո անհոգ ժպիտն ու վառվռուն աչքերը կարծես ծիծաղում էին ինձ վրա, ասելով՝ “դե, մտիր իմ թակարդը”…

Ամեն ինչ պարզ էր այն պահից, երբ նայեցիր երջանիկ նորապսակներին և ասացիր. “Թե ինչի՞ են մարդիկ ամուսնանում ընդհանրապես”…

Ամեն ինչ պարզ էր այն պահից, երբ խոսում էիր բարձրության, ազատության մասին, խոսում էիր մարդու կյանքի մասին՝ սկզբից մինչև վերջ, ու դատապարտում էիր հասարակ, երջանիկ մի մարդու անհոգ լինելը, ով որ աշխարհի տերը չէր ու չէր ուզում լիներ, նրան պետք չէր զբոսանավ, նա ապրում էր իր և իր համար, առանձ ըմբոստանալու…

Ամեն ինչ պարզ էր այն պահից, երբ հասկացա, որ ուզում ես աշխարհի տերը լինել…

Ամեն ինչ պարզ էր այն պահից, երբ քո գերող ձայնը արտասանեց “Բայց մի պայմանով…” խոսքերը…

Ամեն ինչ պարզ էր այն պահից, երբ խորամանկ քմծիծաղ ունեիր, ու չափից շատ հանգիստ էիր սիրող լինելու համար…

Ամեն ինչ պարզ էր այն պահից, երբ վիճեցիր ինքդ քո հետ, երբ փակեցիր քո և քո միջև եղած դուռը թե՛ իմ, քե՛ քո առջև…

Իսկ չէ՞ որ ես հասարակ մի աղջիկ եմ և չեմ ուզում հեղափոխություն անել…

Ինձ պետք չէ, որ բոլորը գոչեն իմ անունը…

Ինձ պետք էր լոկ, որ մեկը իմ անունը շշնջա…

Ամեն ինչ պարզ էր… Բոլորի ու ամենքի համար…

Բայց ոչ իմ…”

Սա գրել էի 18 տարեկանում, երբ Տիգրանի հետ արդեն մի տարի հանդիպում էինք: Իսկ մի տարուց ամուսնացանք: Ու նորից ձայները.

“Դու ուրիշ ես, հիշի՛ր: Դու կկարողանաս ու պիտի կարողանաս, որովհետև ուրիշ ես, մի՛ մոռացիր այդ:”

-Ես ուրիշ չե՛մ, ես հասարա՜կ եմ, – բարձր բղավեցի ես, ու այդ պահին, կարծես, իմ բղավոցին պատասխան. քամին ուժգին հրեց պատուհանն ու վարագույրը ու վրա տվեց դեմքիս…

…Քամին վրա տվեց դեմքիս, վերջնականորեն խառնեց իմ մազերը: Մթությունն ինձ պարուրում էր, ու ես ներս էի քայլում մթության մեջ: Ես փորձում էի համարձակ քայլել, որովհետև սա այն օրն էր, որ Տիգրանին պիտի ասեի, թե ինչքան տարբեր եմ ես, թե ինչքան բարդ է երևի ինձ հասկանալ, որ ավելի լավ է ամեն ինչ թողնել անցյալում…

Առջևս տեսնում եմ Տիգրանի անհանգիստ, բայց ահարկու, հոնքերը կիտած, գերլուրջ դեմքը: Այն Տիգրանն էր, դեռ 23 տարեկան, բայց նույն Տիգրանը, 4 տարի առաջ… Թեպետ և ինձնից միայն 5 տարի է մեծ, բայց միշտ իրեն պահում էր, կարծես հայրս լիներ: Բայց ոչ թե անպատճառ ու անպայման սիրող, այլ մի խիստ հայր…

-Սեր իմ, ինչքան էլ փշոտ ու քմահաճ ես, բայց իմն ես, ես ընդունել եմ դա: Ես ընդունել եմ քեզ իմ կյանքում, Աննա: Ես իմ կյանքն ու սիրտն եմ քո հետ կապել: Ես ունեմ արժեք, մի՞թե դու չունես: Ախր ես ամեն ինչի պատրաստ եմ իմ սիրո համար, որովհետև իմն ես: Դա է իմ համար կարևոր, մի՞թե դու չես կիսում այս արժեքը, մի՞թե քո համար այս ամենը ոչինչ էր, այն ամենն ինչ արել եմ քեզ համար… Ես չեմ հավատում, որ քեզ միևնույնն է: Այսքանից հետո, Աննա, մի՞թե դու չունես մեկին, ում համար դու պատրաստ ես զոհողությունների գնալ, ում համար դու պատրաստ ես փոխվել, ամեն ինչ անել: Ես չեմ ուզում հավատալ, որ սխալվում էի, որ իմ երազած, իմ ստեղծած “մենք”-ը չկա, գոյություն չունի: Աննա, ես ստիպված կլինեմ իմ սրտի մեծ մասը պարզապես կտրել ու դուրս նետել, որովհետև դա դու ես…

-Ո՛չ, սիրելիս, ես քեզ հե՜տ եմ, – բացականչեցի ու ամուր գրկեցի…

Ես նստած էի իմ հուշերի դարակի մոտ և հետևում, թե ինչպես է ձեռքս վերցնում գրիչը և ամենավերջին գրառումից հետո ավելացնում մի քանի խոսք.

“Մի խղճա ոչ ոքու, այլապես ինքդ կհայտնվես խղճուկ վիճակում…”